ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2014 թ. 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է 660 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 560-ի դիմաց: Քանակը աճել է 100-ով կամ 17,9%-ով:
Դեպքերի քանակի աճը պայմանավորված է անձի դեմ ուղղված, պետական իշխանության, ծառայողի և կառավարման կարգի դեմ ուղղված, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերված քանակի աճով, ինչպես նաև հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքներով:
Մարզում գրանցված 4 սպանություններից և 2 սպանության փորձերից չբացահայտված են մնացել 1-ական դեպքեր:
Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար (2013 թ.` 36), այդ թվում 3-ը` մահվան ելքով (2013 թ.` 4), բացահայտումը` 100%:
Մարզում արձանագրված դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 68 դեպքերից չբացահայտված է մնացել միայն 1-ը:
Գրանցված հանրային գույքի գողության 2 դեպքերից չբացահայտված է մնացել միայն Արմավիրի դեպքը՝ Եղեգնուտի գյուղապետարանից 4 համակարգիչների և 2 տպիչների գողությունը:
Բնակարանային գողությունների դեպքերի քանակը 26-ով աճել է, կազմելով 43 դեպք: Դրան համընթաց` 20-ով աճել է նաև բացահայտված դեպքերի քանակը, որի արդյունքում բացահայտման ցուցանիշը աճել է 18%-ով, կազմելով 65,1%:
Սեփականության դեմ ուղղված 14 այլ հանցագործություններից չբացահայտված են մնացել միայն Արմավիրում գրանցված 5 դեպքերից 3-ը:
2014 թ. 1-ին կիսամյակի արդյունքներով նախկին տարիներին ՀՀ քր. դատ. օր.-ի 31 հոդ. 1-ին մասի 1-ին կետով կասեցված քրեական գործերով բացահայտվել է 1 դեպք:
Հաշվետու ժամանակահատվածում մարզում հայտնաբերվել է հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության 65 դեպք (23-ը հայտնաբերում):
Առգրավվել և կամովին հանձնվել է 12 ինքնաձիգ և ատրճանակ, 5 միավոր գազային ատրճանակ, 17 միավոր հրացան և ինքնաշեն կրակող սարք, 5 միավոր կարճեցված փողով հրացան, 1 միավոր նռնականետ, 35 միավոր նռնակ, արկ և ական, 8.196 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 34 հատ պայթուցիչ, 24 հատ փամփշտակալ, 10 հատ սառը զենք և 36 այլ ռազմամթերք:
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 64 հանցագործություն, հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 62 դեպք:
Արձանագրվել են իրացման 27 դեպքեր:
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից առգրավված թմրամիջոցների ընդհանուր զանգվածը կազմել է 190,835 գրամ, որից 190,5 գրամը` մարիխուանա, 0,335 գրամը` կոդեին:
Մարզում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 12 հանցագործություն՝ նախորդ տարվա 14-ի դիմաց:
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում հետախուզվել են 1.303 անձինք, որոնցից հայտնաբերվել են 60-ը:
Առանց ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի հատկանիշների 132 հետախուզվող անձանցից հայտնաբերվել են 16-ը:
ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի հատկանիշներով 1.171 հետախուզվող անձանցից հայտնաբերվել են 44-ը:
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2013 թվականին իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2013 թ. ընթացքում Արմավիրի մարզում բոլոր գծերով գրանցվել է 1223 հանցագործության դեպք, նախորդ տարվա 1010-ի դիմաց: Հանցագործությունների դեպքերի քանակի աճ է արձանագրվել մարզային վարչության ենթակա բոլոր բաժիններում:
Դեպքերի քանակի աճը հիմնականում բացասական միտում չունի և պայմանավորված է սեփականության դեմ ուղղված, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, լատենտային բնույթ կրող հանցագործությունների աճով, ինչպես նաև հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ կատարված աշխատանքներով:
Մարզում գրանցվել է հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 6,7%-ը (2012 թ.-ին` 6,4%), այդ թվում ծանր դեպքերի 4,4%-ը (2012 թ.-ին` 3,4%) և առանձնապես ծանրերի` 10,8%-ը (2012թ-ին` 4,5%):
Մարզում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակի բացահայտման ցուցանիշը կազմել է 92,2% (2012 թ`. 94%), որը 9,6%-ով բարձր է հանրապետական ցուցանիշից:
Հանրապետական ցուցանիշից 10,9%-ով բարձր է նաև միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, որը կազմել է 90,4%:
Ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը հանրապետական ցուցանիշից բարձր է 10,1%-ով, որը կազմել է 68,1%:
Մարզում գրանցված առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը աճել է 7-ով՝ կազմելով 14 դեպք: Դրան համընթաց` 28,6%-ով աճել է նաև բացահայտման ցուցանիշը կազմելով 85,7%, որը 4,9%-ով բարձր է հանրապետական ցուցանիշից:
Միջին հանրապետական ցուցանիշներից բարձր են անձի դեմ, հասարակական անվտանգության դեմ, սեփականության դեմ, տնտեսական գործունեության դեմ, պետական իշխանության, ծառայողի և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:
Գրանցված սպանությունների քանակը նվազել է 2-ով կազմելով 3 դեպք, որոնցից չբացահայտված է մնացել միայն 1-ը:
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 15 դեպքերից չբացահայտված է մնացել Վաղարշապատում արձանագրված 5 դեպքերից 1-ը:
Հանրային գույքի գողությունների քանակը 6-ով նվազել է կազմելով 3 դեպք:
Արձանագրված անձնական գույքի 162 գողությունների բացահայտումը կազմել է 64,2%, որը չնայած նվազել է 7,9%-ով, սակայն 12,1%-ով բարձր է հանրապետականից:
Մտահոգիչ է 2013թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բնակարանային գողությունների դեպքերի քանակի կտրուկ աճը, որոնք երկու ամիսների ընթացքում ավելացել են 54,3%-ով: Եթե 2013 թ. 10 ամիսների ընթացքում մարզային վարչության ենթակա բաժիններում գրանցվել են բնակարանային 35 գողություններ, որը 10 ամիսների կտրվածքով միջինը կազմել է 3,5 դեպք, ապա դրանց քանակը նոյեմբեր ամսին կազմել է 7 դեպք:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների կանխարգելման հիմնական ուղղություններից մեկը բնակչության մոտ ապօրինի պահվող զենքի և ռազմամթերքի հայտնաբերման ու կամովին հանձնման գործընթացի արդյունավետ կազմակերպումն է:
Այս ուղղությամբ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացվել են արդյունավետ կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հաջողվել է հանրապետությունում ապահովել հրազեն-ռազմամթերքի ապօրինի շրջանառության հայտնաբերման առավել բարձր ցուցանիշը:
Այսպես հաշվետու տարում մարզում հայտնաբերվել է ապօրինի շրջանառության 105 դեպք, նախորդ տարվա 92-ի դիմաց:
Առգրավվել և կամովին հանձնվել են 15 միավոր գնդացիր, ինքնաձիգ և ատրճանակ, 3 միավոր գազային ատրճանակ, 35 միավոր ակոսավոր հրացան և ինքնաշեն կրակող սարք, 7 միավոր կարճեցված փողով հրացան, 1 միավոր նռնականետ, 111 միավոր նռնակ, արկ և ական, 3 միավոր պայթուցիկ սարք, 15.897 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 2.783 գրամ պայթուցիկ նյութ, 103 հատ պայթուցիչ, 75 հատ փամփշտակալ, 8 հատ սառը զենք և 11,1 մետր դետոնացիոն քուղ:
2013 թ. ընթացքում արձանագրվել են թմրամիջոցների հետ կապված 108 հանցագործություններ, նախորդ տարվա 101-ի դիմաց:
Հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 89 դեպք, նախորդ տարվա 99 դեպքի դիմաց:
Արձանագրվել են իրացման 31 դեպքեր, նախորդ տարվա 35-ի դիմաց:
Հարկ է նշել, որ տարբեր նախաքննական մարմինների վարույթներում են գտնվում իրացման փաստերով հարուցված քրեական գործեր, որոնցում քննվում են նաև ոստիկանության Վաղարշապատի և Մեծամորի բաժինների կողմից սպասարկվող վարչատարածքներում կատարված իրացման նպատակով ապօրինի շրջանառության ևս մեկ տասնյակի հասնող դրվագներ:
Չնայած թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման հայտնաբերված դեպքերը քանակական առումով նվազել են, սակայն արդյունավետության առումով որակը բարձրացել է, քանի որ առգրավված թմրամիջոցների հիմնական ծավալը կազմել են ծանր տեսակի թմրամիջոցները:
Այսպես. 2013 թ. ընթացքում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից առգրավված թմրամիջոցների ընդհանուր զանգվածը կազմել է 5.038,176 գրամ: Հայտնաբերվել են նաև 433 հաբ «Սուբուտեքս» և 180 հաբ «Տրամադոլ» տեսակի թմրամիջոց:
Անչափահասների շրջանում իրականացված դեռևս ոչ արդյունավետ պրոֆիլակտիկ կանխարգելիչ աշխատանքների արդյունքում հաշվետու տարում մարզում 5 դեպքով աճել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի քանակը: Արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 23 դեպքեր, նախորդ տարվա 18-ի դիմաց:
Անդրադառնալով քննությունից և դատից խուսափող հանցագործների հետախուզման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ պետք է նշել, որ 2013 թ. ընթացքում առանց ՀՀ քր.օր.-ի 327 հոդվածի հատկանիշների 167 հետախուզվող անձանցից հայտնաբերվել են 56-ը: ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի հատկանիշներով 1213 հետախուզվող անձանցից հայտնաբերվել են 101-ը:
Արձանագրվել են ճանապարհատրանսպորտային 85 պատահարներ (2012 թ.` 63), այդ թվում` 18-ը` մահվան ելքով (2012 թ.` 18):
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2012 թ. ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2012 թ. ընթացքում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողները հանցավորության դեմ պայքարում ամբողջությամբ կենտրոնացել են օրենսդրությամբ իրենց վերապահված խնդիրների իրագործմանը, ինչի արդյունքում հաջողվել է վերահսկել մարզում օպերատիվ իրավիճակը, պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում դրսևորած մարտավարության շնորհիվ հանցատեսակների գերակշիռ մեծամասնության բացահայտման ցուցանիշներով գերազանցել նախորդ տարվա և միջին հանրապետական ցուցանիշները:
Հատկանշական է նաև 2012 թ. ընթացքում մարզային վարչությունում իրականացված փոփոխությունները, որոնք, ըստ էության, ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են: Բարեփոխումների շրջանակներում ձեռնարկվել են մի շարք գործուն միջոցառումներ, որոնք նպաստել են ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի, բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության և հարգանքի ամրապնդմանը:
2012 թ. ընթացքում մարզում բոլոր գծերով գրանցվել է 1010 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 893 դեպքի դիմաց, քանակը աճել է 117-ով կամ 13,1%-ով: Բացահայտման ցուցանիշը կազմել է 94% (2011 թ. 95,6%), որը 7,5%-ով բարձր է միջին հանրապետականից (ՀՀ-ում` 86,5%):
Դեպքերի քանակի աճը հիմնականում պայմանավորված է անձի դեմ (216-328) և սեփականության դեմ (183-244) ուղղված հանցագործությունների դեպքերի քանակի աճով:
Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների քանակը աճել է 130-ով՝ կազմելով 927 դեպք: Բացահայտման ցուցանիշը կազմել է 93,4% (2011 թ. 95,1%), որը 7,6%-ով բարձր է միջին հանրապետականից (ՀՀ-ում` 85,8%):
Հարկ է նշել, որ մարզում գրանցվել է հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 6,4%-ը (2011 թ.-ին` 5,4%), այդ թվում ծանր դեպքերի 3,4%-ը և առանձնապես ծանրերի` 4,5%-ը:
Անրադառնալով ծանր հանցագործությունների դինամիկային նկատելի է, որ քանակը 47-ով (134-87) նվազել է, ինչը պայմանավորված է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (12-6), զենքի գործադրմամբ խուլիգանությունների (5-1), անձնական գույքի կողոպուտի (5-0) դեպքերի քանակի նվազումով և ՀՀ քր. օրենսգրքի որոշ հոդվածների ծանրության աստիճանի փոփոխությամբ, հատկապես ՀՀ քր. օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի: Ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 73,6% (2011 թ. 89,6%), ինչը 7,6%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 66%):
Ինչ վերաբերվում է առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման միջին հանրապետականից 23%-ով ցածր ցուցանիշին` 57,1% (ՀՀ-ում` 80,1%), ապա այն պայմանավորված է Արմավիրի չբացահայտված 1 և Վաղարշապատում արձանագրված 2 չբացահայտված սպանություններով:
Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու բացահայտման ցուցանիշը կազմել է 66,7% (ՀՀ-ում` 84,1%), ինչը պայմանավորված է Արմավիրում արձանագրված ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի չբացահայտվելու հանգամանքով:
Պետական ունեցվածքի գողության 9 դեպքերից չբացահայտված են մնացել միայն Վաղարշապատում և Մեծամորում գրանցված 1-ական դեպքեր, որի արդյունքում բացահայտման ցուցանիշը կազմել է 77,8%, որը 4,3%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 73,5%):
Անձնական ունեցվածքի ավազակությամբ հափշտակության 3 դեպքերից չբացահայտված է մնացել «Բուրգ» խաղատնից կատարված ավազակությունը, բացահայտման ցուցանիշները կազմել է 66,7% (ՀՀ-ում` 71,4%):
Անձնական գույքի 136 գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 72,1%, որը 7,3%-ով բարձր է միջին հանրապետականից (ՀՀ-ում` 64,8%): Մտահոգիչ է բնակարանային 26 գողությունների բացահայտման 34,6% ցուցանիշը (ՀՀ-ում` 49,7%), ինչը հիմնականում պայմանավորված է Վաղարշապատում արձանագրված 17 բնակարանային գողություններից 13-ի չբացահայտված լինելու հանգամանքով (Վաղարշապատի բացահայտումը` 23,5%):
Մարզում գրանցված անձնական ունեցվածքի խարդախությամբ հափշտակության 66 դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 98,5% (ՀՀ-ում` 96,8%):
2012 թ. ընթացքում բացահայտվել են նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործության 5 դեպքեր (4-ը գողություն, 1-ը մարմնական վնասվածք):
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություն-ների կանխարգելման հիմնական ուղղություններից մեկը բնակչության մոտ ապօրինի պահվող զենքի և ռազմամթերքի հայտնաբերման ու կամովին հանձնման գործընթացի արդյունավետ կազմակերպումն է:
Հաշվետու տարում մարզում հայտնաբերվել է ապօրինի շրջանառության 92 դեպք, նախորդ տարվա 91-ի դիմաց (Արմավիր 45-34, Վաղարշապատ 27-27, Բաղրամյան 9-15, Մեծամոր 10-16):
2012 թ. ընթացքում առգրավվել և կամովին հանձնվել են 27 միավոր ինքնաձիգ և ատրճանակ, 18 միավոր գազային և մեկնարկային ատրճանակ, 56 միավոր հրացան և ինքնաշեն կրակող սարք, 116 միավոր նռնակ և ականներ, 4 ականանետ և կրականետ, 16.112 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի վիճակին, հարկ է նշել, որ 2012 թ. ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված հանցատեսակների 101 դեպք, նախորդ տարվա 111-ի դիմաց:
Անչափահասների շրջանում իրականացվել են արդյունավետ պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ, ինչի շնորհիվ 19 դեպքով նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը` կազմելով 18 դեպք` 2011 թ. 37 դեպք (Արմավիր 25-6, Վաղարշապատ 9-7, Մեծամոր 3-5):
Փախուստի մեջ գտնվող հանցագործների հայտնաբերման ուղղությամբ նշված ժամանակահատվածում կատարվել են որոշակի աշխատանքներ:
Հետախուզման մեջ են գտնվել 1.321 անձինք (2011 թ. 1.363), որոնցից 163-ը` հանցագործներ (2011 թ. 173), 1.158-ը` ՀՀ քր. օր-ի 327 հոդվածով (2011 թ. 1.190): Հայտնաբերվել են 164-ը (2011թ. 152), որոնցից 56-ը` հանցագործ (2011թ. 65), 108-ը` ՀՀ քր. օր-ի 327 հոդվածով (2011թ. 87): 2012թ. հայտնաբերվել են 12 անձով ավել հետախուզվողներ:
2012 թ. ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից հայտնաբերվել են նաև ԱՊՀ մասնակից անդամ պետությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող 13 անձինք:
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2012 թ. 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2012 թ. 1-ին կիսամյակում Արմավիրի մարզում գրանցվել է հանցագործության 431 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 433), քանակը նվազել է 2-ով կամ 0,5%-ով: Բացահայտման ցուցանիշը կազմել է 94%, որը 6%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 88%):
Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 7-ով՝ կազմելով 393 դեպք (ոստիկանության Արմավիրի բաժին՝ 156-180, Վաղարշապատ՝ 165-143, Բաղրամյան՝ 32-26, Մեծամոր՝ 40-37): Բացահայտման ցուցանիշը կազմել է 93,4%, որը 6%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 87,4%):
Միջին հանրապետական ցուցանիշներից բարձր են նաև 7,3%-ով (92,8-85,5) միջին ծանրության, 9,4%-ով (73,7-64,3) ծանր, 6,6%-ով (90-83,4) քր. հետախուզության գծով, 1,1%-ով (96-94,9) անձի դեմ, 6,1%-ով (100-93,9) հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ, 0,7-ով (78,7-78) սեփականության դեմ, 18,1%-ով (100-81,9) տնտեսական գործունեության դեմ, 0,4%-ով (98,3-97,9) պետական իշխանության, ծառայողի և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները:
Հաշվետու ժամանակահատվածում մարզում 24-ով ավելացել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության հայտնաբերված դեպքերի քանակը:
2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում առգրավվել և կամովին հանձնվել են 3 ինքնաձիգ, 2 ինքնաշեն ինքնաձիգ, 4 ատրճանակ, 4 ինքնաշեն ատրճանակ, 8 ինքնաշեն կրակող սարք, 12 գազային և մեկնարկային ատրճանակ, 20 ողորկափող հրազեն, 7 կարճեցված փողով հրացան, 2 ակոսավոր հրացան, 60 նռնակ, 4 ինքնաշեն նռնակ, 8 արկ, 3 ական, 2 ականանետ, 370 ճայթիչ-պայթուցիչ, 1 պայթուցիկ սարք, 8.700 գրամ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի 10.896 փամփուշտ, 53 փամփշտակալ, 12 սառը զենք, 0,92 մետր դետոնացիոն քուղ և 10 այլ ռազմամթերք:
2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների շրջանում տարված պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ մարզում նվազել է արձանագրված հանցագործությունների քանակը: Արձանագրվել է 7 անչափահասների կողմից կատարված 8 հանցագործության դեպք, 2011 թ. 1-ին կիսամյակում արձանագրվել է 16 անչափահասների կողմից կատարված 23 հանցագործության դեպք:
Քրեական հետախուզության գծով մարզում գրանցվել է 261 հանցագործություն՝ նախորդ տարվա 275-ի դիմաց, քանակը նվազել է 14-ով: Բացահայտման ցուցանիշը կազմել է 90%, որը 6,6%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 83,4%):
Արձանագրված միջին ծանրության 139 հանցագործությունների (2011 թ.՝ 137) բացահայտման ցուցանիշը կազմել է 92,8% և 7,3%-ով բարձր է միջին հանրապետականից (ՀՀ-ում` 85,5%):
Անրադառնալով գրանցված ծանր հանցագործությունների դինամիկային հարկ է նշել, որ մարզում արձանագրվել է ծանր հանցագործությունների դեպքերի քանակի 56-ով նվազում (38-94), որոնց բացահայտման ցուցանիշը կազմել է 73,7%, ինչը 9,4%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 64,3%):
Մարզում գրանցվել են առանձնապես ծանր հանցագործությունների 5 դեպքեր (2011 թ.՝ 4), որոնց բացահայտման ցուցանիշը, չնայած որ 10%-ով աճել է նախորդ տարվա համեմատ՝ կազմելով 60%, սակայն 20,8%-ով ցածր է միջին հանրապետականից (ՀՀ-ում` 80,8%):
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 3 դեպք միայն Վաղարշապատում (որոնցից 2-ը` 04.02.2012 թ. երեկոյան Չարենցի փողոցի թիվ 7 հասցեի դիմաց անհայտ անձի կողմից հրազենով Արտակ Սիմոնյանի սպանությունը և անհայտ անձի կողմից Աբգար Սիմոնյանի սպանությունը, որի դիակը 07.06.2012 թ. ժամը 10.50-ի սահմաններում հայտնաբերվել էր Էջմիածին-Արմավիր ճանապարհի 1-ին կիլոմետրի ճամփեզրին, մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով), մնացել են չբացահայտված, ինչի արդյունքում այս հանցատեսակի բաժնի և միջմարզային բացահայտման ցուցանիշները կազմել են 33.3%, որը 16,7%-ով նվազել է նախորդ տարվա համեմատ և 34,6%-ով էլ ցածր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 67,9%):
Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու 3 դեպքերից չբացահայտված են մնացել Արմավիրում արձանագրված 2 դեպքերը (01.12.2011 թ. հայտնաբերվել է Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Հակոբյանի դիակը, գլխի շրջանում առկա են եղել վնասվածքներ, որոնք ունեցել են կենդանության ժամանակ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներ): Չբացահայտված է մնացել նաև 06.04.12 թ. Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում անհայտ անձանց կողմից Ա.Կուրղինյանին և Ս.Պողոսյանին ծեծի ենթարկելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը: Ոստիկանության Արմավիրի բաժնի այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը կազմել է 0%, իսկ միջմարզային ցուցանիշը՝ 33,3%, որը 66,7%-ով նվազել է նախորդ տարվա համեմատ և 48,4%-ով ցածր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 81,7%):
2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցված ճանապարհատրանսպորտային 23 պատահարների, այդ թվում 4-ը՝ մահվան ելքով, խուլիգանությունների 9, ընդ որում 1-ը` զենքի գործադրմամբ և հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված 3 այլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշները կազմել են 100%:
Գրանցված սեփականության դեմ ուղղված 94 հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 78,7%, որը 0,7%-ով բարձր է միջին հանրապետականից (ՀՀ-ում` 78%):
Անձնական ունեցվածքի ավազակությամբ հափշտակության 2 դեպքեր գրանցվել են միայն Վաղարշապատում, որոնցից չբացահայտված է մնացել դիմակավորված 3 անձանց կողմից ապրիլի 2-ին, ժամը 04.00-ին, Թաիրովի «Բուրգ» խաղատնից զենքի սպառնալիքով կատարված խոշոր չափերի հասնող գումարի հափշտակությունը, ինչի արդյունքում ոստիկանության բաժնի և միջմարզային բացահայտման ցուցանիշները կազմել են 50%, որը 28,8%-ով ցածր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 78,8%):
Հաշվետու ժամանակահատվածում մարզում գրանցված անձնական գույքի 64 գողություններից չբացահայտված են մնացել 16-ը, բացահայտման միջմարզային ցուցանիշը կազմել է 75%, որը 1,2%-ով բարձր է միջին հանրապետականից (ՀՀ-ում` 73,8%):
Գրանցված բնակարանային 11 գողություններից չբացահայտված են մնացել 6-ը, ինչի արդյունքում այս հանցատեսակի միջմարզային բացահայտման ցուցանիշը կազմել է 45,5%, որը 0,4%-ով ցածր է միջին հանրապետականից (ՀՀ-ում` 45,9%):
Մարզում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 11 հանցագործութ-յուն, որոնք բոլորն էլ բացահայտվել են (ՀՀ-ում` 81,9%):
Պետական իշխանության ծառայողի և կառավարման կարգի դեմ ուղղված 60 հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 98,3%, որը 0,4%-ով բարձր է միջին հանրապետական ցուցանիշից (ՀՀ-ում` 97,9%):
Հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 41 դեպք, որոնցից 19-ը՝ ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի հատկանիշներով:
2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ենթակա բաժինների կողմից հայտնաբերվել են 80 հետախուզվողներ, որոնցից առանց ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի հատկանիշների՝ 29: Նրանցից 7-ը հետախուզվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար: Հայտնաբերվել են նաև ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի 1-ին մասով հետախուզվող 51 անձինք: Հետախուզվող 8 անձինք էլ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության այլ բաժինների կողմից: