ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2018 թվական, 1-ին կիսամյակ

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության 2018 թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները

 

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ:


Հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ


Հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ՆԳՆ պատվիրակության հետ՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: Քննարկվել են երկու երկրների իրավապահների փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի խորացնելու, մարտահրավերներին միասնաբար հակազդելու հարցերը:
Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլ-մայիս ամիսների հայաստանյան իրադարձություններին, ներկայացվել են ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:


 

Երկկողմ համագործակցություն


Ռուսաստանի Դաշնություն


Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
Մարտի 28-ից ապրիլի 6-ը ՌԴ ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայում անց են կացվել «Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթացներ, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի գլխավորած 8 հոգուց բաղկացած պատվիրակությունը:
Մարտի 28-ից 30-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման և հետագա համագործակցության հետ կապված հարցերի քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ:
Ապրիլի 9-ից 22-ը ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայում կայացել է «Հանցավորության հակազդման արդիական ձևերը և մեթոդները» թեմայով որակավորման բարձրացման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ:
Ապրիլի 23-ից 28-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է «DetektiveFEST» դետեկտիվ ֆիլմերի 20-րդ Միջազգային փառատոնի պարգևատրման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը:


Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև:
Հունվարի 25-ին ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսի-Բրայերսի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում կատարվող աշխատանքները, ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
Փետրվարի 5-ից 9-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի և Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Թբիլիսիի գրասենյակի կողմից Երևանում կազմակերպվել է «Թմրամիջոցների գործերով հետաքննություն» խորացված դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 6 ծառայողներ:
Մարտի 6-ից 9-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպել է «Կանայք ոստիկանությունում-2018» թեմայով տարեկան տարածաշրջանային համաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 5 կին ծառայող:

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետ համատեղ մարտի 12-ից 14-ը Երևանում կազմակերպել է հանցավորության բացահայտման և քննության վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և կրթահամալիրի 5 ծառայողներ:

Մայիսի 16-ից 17-ը և մայիսի 19-ից 20-ը Երևանում «ՓԻ-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից ֆինանսավորվող «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների /խմբերի/ դպրոցական ավագ տեսուչների մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ 55 դպրոցական տեսուչների համար:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ ոստիկանության ծառայողների համար՝ «Բանավոր պատկերի մեթոդիկայի օպերատիվ հետախուզական գործունեություն» և «Փաստաթղթի կրիմինալիստիկական հետազոտում» թեմաներով: Դասընթացները վարել են ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ՝ Քրիստոֆեր Գրուբերը, Տիգրան Պետրոսյանը և Անի Հակոբյանը:

 

Վրաստան



2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է սերտ համագործակցությունը Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
Հունվարի 29-ից փետրվարի 2-ը Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ստորագրված 2017թ. համատեղ միջոցառումների պլանի շրջանակներում կազմակերպվել է ճանաչողական այց Վրաստանի Թբիլիսի քաղաք, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 5 ծառայողներ:

Մարտի 15-ին Լոռու մարզում հանդիպում են ունեցել հայ և վրաց իրավապահները: Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել սահմանամերձ գոտիներում, իրավապահ մարմինների փոխգործակցության խորացման, հանցավորության դեմ պայքարում ուժերի համատեղման, մի շարք հանցատեսակների և մարտահրավերների ուղղություններով միասնական միջոցների ձեռնարկման վերաբերյալ:


Իրանի Իսլամական Հանրապետություն

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ԻԻՀ ՆԳ նախարարության միջև 2012թ. հուլիսի10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Ապրիլի 10-ին
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրին։ Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված և տեսանկարահանող սարքերով ֆիքսված արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդներին սահմանային անցակետերում ծանուցելու կարգը, ճանապարհային երթևեկության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Հանդիպման ավարտին Ալի Նասեր Սոբհանիփուրը այցելել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ծանոթացել ստորաբաժանման աշխատանքին։

Ֆրանսիայի Հանրապետություն

 

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:
Փետրվարի 15-ից 16-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կազմակերպվել է «Ձերբակալվածների պահման վայրի գործունեության ուսումնասիրում» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում կազմակերպվել են այցեր՝ Փարիզի 15-րդ շրջանի Կոմիսարիատ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակ, Նանտերի բարձր ատյանի դատարան, որտեղ ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամների և ֆրանսիացի գործընկերների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում:
Մարտի 14-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկին։ Քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի ոստիկանական կառույցների փոխգործակցության, Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 2018 թվականի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների սերտ համագործակցության հարցերը, հատկապես՝ հասարարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման գործում, այդ ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքները։
Մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկի գլխավորած պատվիրակությանը՝ Երևանում կազմակերպվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացնելու և գագաթաժողովի պատվիրակությանն ուղեկցելու և անվտանգության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության, Երևան քաղաքի վարչության և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկը հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար կազմակերպել է ներկայացում/պրեզենտացիա «Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն» թեմայով:

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

 

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման եւ խափանման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
Մարտի 2-ից օգոստոսի 10-ը
ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության կողմից ՉԺՀ Պեկին քաղաքում կազմակերպվել է Իրավապահ սպաների համար վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:
Հունիսի 28-ից հուլիսի 12-ը ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության կողմից ՉԺՀ Գուանչժոու քաղաքում կազմակերպվել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքար» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 14 ծառայողներ:

Մոլդովայի Հանրապետություն


2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է համագործակցությունը Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ հետ «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ և Մոլդովային Հանրապետության ՆԳՆ միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
Ապրիլի 19-ից 20-ը Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Քիշնև քաղաքում կազմակերպվել է «Քրեաբանություն և դատաբժշկական փորձաքննություն. ներկան և ապագան, կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ զենք» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը:
Ապրիլի 19-ին ստորագրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Շտեֆան Չել Մառեյի ակադեմիայի հետ համագործակցության արձանագրություն:


Ճապոնիա

 

Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար, անվտանգության հարցերի պատասխանատու Տադահիրո Կիտամուրային և դեսպանության անվտանգության և հյուպատոսական բաժինների քարտուղար Մանվել Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում առկա օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև անձնագրերի կեղծման դեմ պայքարին առնչվող հարցեր:


Միջազգային կազմակերպություններ


Եվրոպական Միություն

 

Հունվարի 22-ից 26-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում ԵՄ և Արևելյան գործընկեր երկրների համար ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության աշխատանքային խմբի ներքո անցկացվել է վերապատրաստման ծրագիր, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:
Մարտի 6-ից 8-ը Ալբանիայի Հանրապետության Տիրանա քաղաքում քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) հարցերով ԵՄ «Գերազանցության կենտրոններ» նախաձեռնության կողմից «Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում փորձաքննության կարողությունների ամրապնդում հանցագործության վայրում՝ ՔԿՃՄ պատահարների հետաքննության ընթացքում» խորագրով թիվ 57 Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հերթական հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 2 ծառայողներ:

Արևելյան գործընկերության երկրների ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում

 

Հաշվետու ժամանակաշրջանում մի շարք միջոցառումներ են իրականացվել «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագրի» շրջանակներում՝
Մարտի 14-ից 15-ը Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում կայացել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված դասընթացի 3-րդ եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:
Մարտի 26-ից 28-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպվել է «Կիբերհանցագործություն/էլեկտրոնային ապացույցներ» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 4 ծառայողներ:
Մարտի 26-ից 28-ը Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաքում կազմակերպվել է «Փորձագիտական հավատարմագրման գործընթաց» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողները և ևս 1 աշխատակից ՀՀ առողջապահության նախարարության դատական գիտագործնական կենտրոնից:
Ապրիլի 17-ից 19-ը Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաքում կազմակերպվել է «Քրեական վերլուծություններ» թեմայով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ: Այցի ընացքում տեղի է ունեցել հանդիպում Արևելյան գործընկերության ոստիկանական ծրագրի ղեկավար Վալդեմար Կրավչուկի և ծրագրի Լեհաստանի համակարգող Բեատա Չեզոտկայի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության կողմից ծրագրի կատարման ընթացքը, արձանագրված արդյունքները և հետագա անելիքները:

Հունիսի 14-ից 15-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է Արևելյան գործընկերության ոստիկանական ծրագրի փակման աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայողներ:
Կազմակերպիչների կողմից ՀՀ ոստիկանության մասնակցությունը եռամյա ծրագրին գնահատվել է գերազանց: Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում և արտասահմանում վերապատրաստվել են ավելի քան 350 ոստիկանության ծառայող:

 

Եվրոպայի Խորհուրդ

Մարտի 20-ից 21-ը Երևանում ԵՄ և ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակներում ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Ընդդեմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը. Վատ վերաբերմունքի արդյունավետ քննություն» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ:
ՀՀ ոստիկանության և Եվրոպայի խորհրդի քարտուղարության համագործակցության շրջանակներում` մարտի 21-ից 22-ը Երևանում անց է կացվել «Հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքն ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում» թեմայով սեմինար-քննարկում: Միջոցառումն անց են կացրել ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու Ժերար Գրեներոնը, Մարդու իրավունքների խորհրդատու Իվանա Ռոնիան, Գերմանիայի ոստիկանության ավագ սպա Կայ Սիգերտը: ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցել են կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 26 ծառայողներ:
Մարտի 28-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԵԽ Տվյալների պաշտպանության և կիբերհանցավորության բաժնի կողմից ապրիլի 3-ից 5-ը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում կազմակերպվել է Կիբերհանցավորության խնդիրների հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 4-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Նույն ծրագրի շրջանակներում 2018թ. մայիսի 14-ից 18-ը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում կայացել է ՄԱԿ-ի հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
ՀՀ ոստիկանության ծառայողները ակտիվ մասնակցություն են ունեցել Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված ԵՄ և ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի Cybercrime@EAP ծրագրի շրջանակներում:
Հունիսի 5-ից 7-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի Խորհրդի քրեական հարցերով Եվրոպական կոմիտեի (CDPC) 74-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:
Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված հանուն լավ կառավարման կառուցակարգի գործընկերության (Partnership for Good Governance) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ ծրագրի 2-րդ փուլի՝ 2019-2021թթ. նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով հունիսի 5-ին կազմակերպվել է հանդիպում ՀՀ ոստիկանությունում Եվրոպայի խորհրդի քարտուղարության Տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության աշխատակիցներ Թեոդորա Լուկովիչի և Թեա Զարնաձեի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Լորետա Վիուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբերհանցագործության, փողերի լվացման և կոռուպցիայի վերաբերյալ հարցեր:
Հունիսի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի» միջգերատեսչական կոմիտեի նիստը, որի ընթացքում ամփոփվել են «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի» արդյունքները և անդրադարձ է կատարվել հաջորդ փուլի՝ «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի» առաջնահերթ ուղղություններին: ՄԻջոցառմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի ՄՀ վարչության պետի տեղակալը:

Հայաստան-ՆԱՏՕ

Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՆԱՏՕ-ի գնահատման պատվիրակության հետ հանդիպում՝ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2017թ. կատարողականի գնահատման նպատակով: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի ծառայողը:


Ինտերպոլ



Հունվարի 23-ից 25-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է ռադիոլոգիական և միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային սեմինար, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպելի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի 2 ծառայողներ:
Հունվարի 29-ից 31-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կազմակերպվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 78-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Մարտի 27-ից 28-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված «Կալկան» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 2 ծառայող:
Ապրիլի 10-ից 12-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունում՝ Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կազմակերպվել է Ինտերպոլի ԱԿԲ-ների ամենամյա 14-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Իռլանդիայի Հանրապետության Դուբլին քաղաքում մայիսի 15-ին կայացել է Ինտերպոլի Եվրոպական կոմիտեի արտահերթ հանդիպումը և մայիսի 16-ից 18-ը՝ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսի 46-րդ հանդիպումը, որոնց մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Հունիսի 11-ից 12-ը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կազմակերպվել է «Ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, անվտանգությանն ու իրազեկվածության տարածմանն ուղղված սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:

ԵԱՀԿ

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության Ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար Թորսթն Շտոդիկի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ԵԱՀԿ հետ համատեղ իրականացված ծրագրերը, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության կրթական համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված դրական արդյունքները, ինչպես և մի շարք առաջարկներ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանի հետ համագործակցության ծրագրի «Անվտանգության ոլորտի բարեփոխումներ և կառավարում» նախագծի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը՝ Ավստրիայի պաշտպանության նախարարության գնդապետ Հանս Լամպալզերին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մարդու իրավունքների պաշտոնյա Գրացիելլա Պավոնենին, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի աշխատակից Ալեքսանդրա Պֆեֆերլենին և ազգային փորձագետ Ռուզաննա Բաղդասարյանին:


Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալություն (CEPOL)

Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2018թ. փոխանակման ծրագրի շրջանակներում հունիսի 4-ից 7-ը կազմակերպվել է ճանաչողական այց Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաք, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետը:
Մայիսի 28-ից հունիսի 2-ը պատասխան այցով ՀՀ-ում է գտնվել Բուլղարիայի ներքին գործերի նախարարության կազմում գործող սահմանային ոստիկանության օպերլիազոր Պլամենա Պոպովան:
Նույն ծրագրի շրջանակներում հունիսի 11-ից 15-ը կազմակերպվել է «Կազմակերպված հանցավորություն՝ տնտեսական հանցագործություններ» թեմայով ճանաչողական այց Լեհաստանի Հանրապետության Վարշավա քաղաք, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:

Միավորված Ազգերի Կազմակերպություն


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համատեղ «Հայաստանում փոխստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում» ծրագրի «Աջակցություն սահմանակետերում» բաղադրիչի շրջանակներում 2018թ. փետրվարից սկսած յուրաքանչյուր ամիս իրականացվում են մոնիթորինգային այցեր Մեղրիի, Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի ցամաքային սահմանակետեր, ինչպես նաեւ «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայանների սահմանակետեր` անձնագրային ծառայությունների աշխատանքը ուսումնասիրելու նպատակով՝ համաձայն նախապես մշակված ժամանակացույցի:
Նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև դասընթացներ՝ ըստ ժամանակացույցի:
Մարտի 28-ին ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվել է «ՄԱԿ-ի ՓԳՀ դերը և փախստականների պաշտպանության միջազգային չափանիշները», Փախստականների և ապաստանի վերաբերյալ ազգային օրենսդրությունը և ՄՊԾ գործառույթները սահմաններից ապաստան հայցողների ուղղորդման առնչությամբ» թեմայով դասընթացներ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:
Ապրիլի 20-ին ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կազմակերպվել է «ՄԱԿ-ի ՓԳՀ դերը և փախստականների պաշտպանության միջազգային չափանիշները», Փախստականների և ապաստանի վերաբերյալ ազգային օրենսդրությունը և ՄՊԾ գործառույթները սահմաններից ապաստան հայցողների ուղղորդման առնչությամբ» թեմայով դասընթացներ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 4 ծառայողներ:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում, հետագա համագործակցության և համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցերը քննարկելու նպատակով մայիսի 14–ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներին, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել վերջիններիս աջակցությամբ, համապատասխան փորձագետի մասնակցությամբ այցելել ՀՀ ոստիկանության մարզային վարչություններ և ոստիկանության ծառայողների համար անցկացնել նշված օրենքի և դրանից բխող օրենսդրական ակտերի իրազեկման վերաբերյալ սեմինար-պարապմունքներ:
Հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ընդունել է Թմրամիջոցների միջազգային վերահսկման կոմիտեի (International Narcotics Control Board -INCB) անդամ Գալինա Կորչագինային և թմրամիջոցների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների գնահատման բաժնի պետ Պոլ Ռաբաթին: Թմրամիջոցների միջազգային վերահսկման կոմիտեի անդամները բարձր են գնահատել ՀՀ ոստիկանության կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրականացրած աշխատանքները, նշված ոլորտում ակտիվ համագործակցությունը ինչպես շահագրգիռ գերատեսչությունների, այնպես էլ այլ երկրների և կառույցների հետ:


Համաշխարհային բանկ



Մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Հովհաննես Քոչարյանը նշել է, որ հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ ոստիկանության կողմից իրականացվելիք ծրագրային միջոցառման համար մշակված տեխնիկական առաջադրանքները համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին եւ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացվել կառավարություն։

 

Բազմակողմ համագործակցություն


ՀԱՊԿ

Փետրվարի 14-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է «Նելեգալ» գործողության միջազգային շտաբի անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդին կից Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Փետրվարի 21-ից 22-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում անց են կացվել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների մասնակցությամբ «Կոբալտ-2018» համատեղ շտաբային զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով շտաբային բանակցությունները, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:
Մարտի 14-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների «ՊՐՈՔՍԻ» մշտական գործողության ազգային շտաբների ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդատվություններ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Ապրիլի 12-ին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդին կից աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի որոշման համաձայն մայիսի 28-ից հունիսի 1-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում անց է կացվել «Կանալ-Պատնեշ» հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը գտնվել է Չոլպոն-Աթա քաղաքում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Հունիսի 1-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը:


ԱՊՀ



Փետրվարի 8-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:
Հունիսի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության տեղը և դերը պետական կառավարման համակարգում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված այլ հանդիպումներին, սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ևս ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ