ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2014 թվական, 2-րդ կիսամյակ

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության
2014 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները

 
2014 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) եւ միջազգային կազմակերպությունների հետ:
 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
 
2014 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի գլխավորած պատվիրակությանը: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումները, անդրադարձել է համայնքային ոստիկանության ներդրման, կադրային փոփոխությունների և կադրերի վերապատրաստման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի:


 

 
2014 թ. սեպտեմբերի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկու երկրների ոստիկանական կառույցների համագործակցության հարցերը: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ոստիկանության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում» Համաձայնագրի նախագծին: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում» Համաձայնագրի կնքման արագացմանը:



 
2014 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանչունին:
Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել դեսպանի պաշտոնավարման ընթացքում սերտ համագործակցության համար: Տիան Չանչունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ներկայացրել է իր դիտարկումները հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի գործում հայ իրավապահների ձեռքբերումների, աշխատանքում որակական տեղաշարժերի վերաբերյալ: 
 
 
2014 թ. հոկտեմբերի 9-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է  Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրել է հանրապետությունում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքները արդյունավետ համակարգելու նպատակով իրականացված միջոցառումները, ինչպես և պատվիրակությանը հանձնել է վերջին շրջանում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ու տեսանյութերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, տրվել են սպառիչ պարզաբանումներ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների մի շարք հարցերին:
 
 
 
   
2014 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունին: Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը  հույս հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների ավանդական փոխգործակցությունը կշարունակի խորանալ՝ վերածվելով համատեղ աշխատանքի:  Տիան Էրլունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 
 
 
 
 

2014 թ. հուլիսի 18-ին
ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով իր հերթին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությանը կից Վրաստանի ներքին գործերի նախարարության նորանշանակ ոստիկանական կցորդ Կամո Գալուստյանին:
 
 
 
2014 թ. դեկտեմբերի 17-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսի գլխավորած պատվիրակությունը, որը Երեւանում էր կառույցի հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ: Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանությունը պատրաստակամ է համագործակցություն ծավալել Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի հետ:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սպիրիդոն Ֆլոգաիտիսն ասաց, որ Հայաստանում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը հնարավորություն կտա երիտասարդ իրավաբաններին վերապատրաստվելու եվրոպական առաջատար համալսարաններում, մասնակցելու առաջատար համաժողովների: Կողմերը քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
   
 
 
 
                                
ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 
Ռուսաստանի Դաշնություն

 
Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008 թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
 
2014 թ. հուլիսի 7-ին Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստին:
Նույն օրը տեղի ունեցած նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցել են Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից և Ռուսաստանի ՆԳ նախարարությունից, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ապարատի վարչությունների պետերը: 
Քննարկումների արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ համատեղ որոշում: Որոշվել է հաջորդ նիստը անցկացնել 2015 թ. Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում:
 
 
 
 

Շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Օմսկի և Վոլգոգրադի ակադեմիաների միջեւ, որի շրջանակներում կազմակերպվել են մի շարք կլոր սեղաններ, սեմինարներ, հանդիպումներ, փոխայցելություններ: 
2014 թ. նոյեմբերի 25-ից 28-ը Բարձրագույն ուսումնական հաստատությունների Ասոցիացիայի գործունեության շրջանակներում ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի բազայում կայացել են  «Հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ոստիկանական միջազգային համագործակցության ներկայիս վիճակը, խնդիրներն ու հեռանկարները» եւ «Արդի պայմաններում սոցիալ-քաղաքական գործընթացների ակտիվացման ընթացքում հասարակական անվտանգության ապահովումը» թեմաներով միջազգային գիտագործնական կոնֆերանսներ, որոնց մասնակցել են կրթահամալիրի պետի առաջին տեղակալը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի պետը եւ քոլեջի հասարակագիտական առարկաների անբիոնի ավագ դասախոսը:
Հաշվետու ժամանակաշրջանում տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ և խորհրդակցություններ ևս:
 
 
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

  
Շարունակվում է սերտ և ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև:
2014 թ. հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց ԱՄՆ Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չան Օկլենդին: 
Հանդիպման ընթացքում Հ. Պողոսյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կատարված աշխատանքները՝ ուղղված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելմանը, ներկայացրեց վիճակագրությունը, հատկապես դրականորեն առանձնացնելով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրված անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերի նվազման միտումը, ծանոթացրեց նոր ստեղծված դպրոցական տեսուչների ինստիտուտին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տիկին Օկլենդը համառոտ ներկայացրեց ԱՄՆ-ում գործող` անչափահասների արդարադատության համակարգը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 
 
 
 
 
2014 թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանի մոտ կայացել է հանդիպում ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատարի ադյուտանտ Բ. Լինքի և  Կանզաս նահանգի Կանզաս քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ջեյմս Բրաունի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ ոստիկանության օժանդակությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից՝ Կանզաս քաղաքի ոստիկանության վարչության և Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հետ համատեղ: 
 
 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բաժնի նորանշանակ ղեկավար պարոն Ջեք Անդերսոնը 2014 թ. սեպտեմբերի 18-ին եւ 19-ին ճանաչողական այցով հանդիպումներ է ունեցել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

2014 թ. նոյեմբերի 10-ից 14-ը ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը ՀՀ ոստիկանության 7 ծառայողների համար կազմակերպել է ճանաչողական այց ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի ոստիկանության վարչություն՝ անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերը ուսումնասիրելու նպատակով: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սիեթլ քաղաքի ոստիկանության վարչության պետի եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ: 
Հաշվետու ժամանակաշրջանում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկումներ և խորհրդակցություններ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում Ամերիկյան Համալսարանում կազմակերպվել են անգլերեն լեզվի դասընթացներ ՀՀ ոստիկանության 80 ծառայողների համար:
 
 
Բելառուսի Հանրապետություն
  
 
2014 թ. հոկտեմբերի 23-ից 25-ը Երևանում էր գտնվում Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Վալերի Պոլիշչուկի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում եղել են Մոգիլյովի ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ, փոխգնդապետ Յուրի Շկալերովը, Մոգիլյովի ինստիտուտի ուսումնամեթոդական բաժնի պետ, գնդապետ Ալեքսանդր Երմոլան:
Հոկտեմբերի 24-ին ստորագրվել է Համագործակցության վերաբերյալ արձանագրություն:
 
 
 
 
2014 թ. նոյեմբերի 27-ից 29-ը Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտում կայացել է «Հատուկ տակտիկական, կրակային եւ մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստականության արդի խնդիրները» թեմայով 2-րդ միջազգային գիտամեթոդական կոնֆերանսը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական եւ զարգացման վարչության միջազգային համագործակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետը եւ քոլեջի հատուկ տակտիկական, մարտական եւ ֆիզիկական պատրաստականության ամբիոնի պետը:
 

Վրաստան
 
 
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
 
2014 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորությամբ: Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերությունները և համատեղ աշխատանքի վերածված համագործակցությունը, որն արդեն լուրջ արդյունքներ է տվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն համոզմունք է հայտնել, որ հայ և վրացի իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
  
  
 
 
 
ՀՀ ոստիկանության կադրերի պատրաստման գործում փորձի փոխանակման եւ միջազգային համագործակցության շրջանակներում 2014 թ. սեպտեմբերի17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն ընդունել է Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պետ Նուկրի Գելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Հովհաննես Վարյանը եւ Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պետ Նուկրի Գելաշվիլին ստորագրել են ոստիկանական կրթական ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Օպերատիվ-ծառայողական գործունեության արդի հարցերը քննարկելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև սահմանային համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Վրաստանի ՆԳՆ նախաձեռնությամբ 2014 թ. հոկտեմբերի 21-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է հանդիպում՝ ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզային վարչությունների պետերի և Վրաստանի ՆԳՆ ոստիկանության կենտրոնական կրիմինալ դեպարտամենտի տնօրենի, Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի ռեգիոնալ վարչությունների պետերի միջեւ: ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև սահմանային համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ստորաբաժանումների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել օպերատիվ տեղեկատվության փոխանակումը անձանց հետախուզման, թմրամիջոցների անօրինական տարանցման, ավտոտրանսպորտային միջոցների առևանգման, բնակարանային գողությունների և մի շարք այլ հարցերի ուղղություններով: 
 
 
  
 
 
 
Ֆրանսիայի Հանրապետություն
 
 
2014 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև: 
 
2014 թ. օգոստոսին, հոկտեմբերին եւ նոյեմբերին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ Հովհաննես Պողոսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Ստեֆան Ռոպեռսին: Քննարկվել են 2014 թ. հայ-ֆրանսիական համագործակցության գործողությունների ծրագիրը և 2015 թ. գործողությունների ծրագրի նախագիծը: Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Ստեֆան Ռոպեռսը այցերի ընթացքում հանդիպումներ է ունեցել  նաեւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետի հետ, որտեղ քննարկվել են համագործակցության ներկա վիճակը եւ դրա արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումները:
Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հարցումների ժամանակին եւ պատշաճ կատարման ուղղությամբ:
 
Գործողությունների ծրագրի շրջանակներում 2014 թ. սեպտեմբերի 24-ից 26-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կայացել է «Ոստիկանության տեղեկատվական ցանցերի եւ գրանցված տվյալների անվտանգությունը» թեմայով ճանաչողական այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի գլխավորած պատվիրակությունը:
Գործողությունների ծրագրի շրջանակներում 2014 թ. հոկտեմբերի 6-ից 10-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ֆրանսիացի փորձագետ Սաբին Գատի կողմից անց է կացվել «Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխումը» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումների, մարզային վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողներ:
 
 
Լիտվայի Հանրապետություն
 
 
  
2014 թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանում Լիտվայի դեսպանությունը, դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ  Երևանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում անց է կացրել դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման ծրագրի անդրանիկ միջոցառում-դասընթացը: Ծրագրի մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԿԳՆ հանրակրթության վարչության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկանության ծառայողներ։ Դեսպանության նախաձեռնությամբ առաջին դասարանցիների համար բերվել են անվտանգության լուսարձակ գոտիներ, որոնցով երեխաները ճանապարհներին կլինեն տեսանելի և ապահով: Նույն օրը Լիտվայի դեսպանատան աշխատակիցները եղել են նաև Ճանապարհային ոստիկանությունում: Լիտվացի հյուրերը խոսել են վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում ճանապարհային երթևեկության ոլորտում իրենց երկրում իրականացրած բարեփոխումների և ձեռք բերած հաջողությունների մասին: Ներկայացրել են ոլորտում առկա նորարարությունները, որոնք թույլ են տվել զգալիորեն բարելավել երթեկության վիճակը և նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանք զոհերի և վիրավորների թիվը:
 
 
 
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
  
 
2014 թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 26-ը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության կառավարության կողմից Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության  Վուհան քաղաքում կազմակերպվել է «Քաղաքի անվտանգություն եւ տեսահսկում» խորագրով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության եւ Երեւան քաղաքի վարչության 2 ծառայող:
 
 
 
Իսրայելի Պետություն
   
 
2014 թ. հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 17-ը Իսրայելի Պետության Կֆար-Սաբա քաղաքում, Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարարության եւ Իսրայելի միջազգային համագործակցության եւ զարգացման կենտրոնի կողմից  կազմակերպվել է  «Ոստիկանություն եւ հասարակություն» թեմայով միջազգային դասընթացը, որին «ՄԱՇԱՎ» ծրագրի շրջանակներում մասնակցել է Շիրակի մարզային վարչության ծառայողը: 
2014 թ. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 17-ը Իսրայելի Պետության Թել Ավիվ քաղաքում, Իսրայելի Պետության «ՄԱՇԱՎ» ծրագրի շրջանակներում Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարարության եւ Իսրայելի միջազգային համագործակցության եւ զարգացման կենտրոնի կողմից  կազմակերպվել է «Ոստիկանությունում կազմակերպական եւ մեթոդական աշխատանքների իրականացումը» թեմայով միջազգային դասընթաց, որին մասնակցել են Շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության պետի տեղակալը եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալը:
 
 
 
 
 

Սերբիայի Ներքին գործերի նախարարություն
   
ՀՀ ոստիկանությունը նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Սերբիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքումը: Այդ նպատակով մշակվել է համաձայնագրի նախագիծ, որը ներկայումս դրված է արտաքին շրջանառության մեջ: 
 
 
 
 
 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
  Եվրոպական Միություն
 
 
Արևելյան գործընկերության եվրոպական նախաձեռնության շրջանակներում Եվրոպական Հանձնաժողովը որոշում էր ընդունել սկսել «Ոստիկանական համագործակցության ծրագիր»,  որի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցությանը` կապված միջսահմանային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և օրենքի գերակայությունը ամրապնդելու նպատակով քայլերի ձեռնարկման հետ: Ծրագրի ներդրման փուլը ամբողջությաբ ստանձնել է Լեհաստանի կողմից ղեկավարվող կոնսորցիումը՝ Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Շվեդիայի և Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի «ICMPD» մասնակցությամբ: Որպես շահառու ներգրավված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:
Փոխայցելությունների ընթացքում կայացած հանդիպումների արդյունքում մշակվել է «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում գործողությունների» եռամյա ծրագիր, որը կստորագրվի մինչև տարեվերջ և կսկսի գործել 2015 թ. հունվարի 1-ից: Երեք տարվա ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կիրականացվեն փոխադարձ այցելություններ, ուսումնասիրություններ, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր:
 
2014 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության շտաբում կայացել է հանդիպում ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում ծրագրի վերջնական գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած փորձագետներ Հենրիկ Ջեսսի և Արմինե Առաքելյանի հետ:
Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են իրենց հարցադրումները կապված ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների հարցերով խորհրդատուների իրականացրած գործունեության արդյունավետության, ինչպես նաև թերությունների վերաբերյալ:
 
2014 թ. դեկտեմբերի 11-ին Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացել է Մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության 6-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետը: Երկխոսության ընթացում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են նաև ԵՄ կողմից կազմակերպված այլ միջոցառումներին ևս:
 
 
 
Եվրոպայի Խորհուրդ
 
 
Եվրոպայի Խորհրդի եւ ԵՄ տարածաշրջանային համատեղ «Խոշտանգումների եւ անպատժելիության դեմ պայքարի ամրապնդում» ծրագրի շրջանակներում հրատարակվել է «Մարդու իրավունքների եւ կառավարման եվրոպական կոնվենցիա» խորագրով ձեռնարկը 300 օրինակով, որը տրամադրվել է ԵԽ Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից: Ձեռնարկի 300 օրինակը բաշխվել է ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների միջեւ:
 
2014 թ. հոկտեմբերի 1-ից 3-ը Եվրոպայի Խորհրդի Կիբերհանցագործությունների դեմ գլոբալ գործողությունների (GLACY) ծրագրի կողմից Սինգապուրում կազմակերպվել է Եվրոպոլում տեղակայված Եվրոպայի Կիբերհանցագործությունների կենտրոնի  (EC3) եւ Ինտերպոլի համատեղ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:
 
2014 թ. հոկտեմբերի 23-ից 24-ը Եվրոպայի խորհուրդը Պորտուգալիայի Հանրապետության Արդարադատության նախարարության հետ համատեղ Պորտուգալիայի Հանրապետության Լիսաբոն քաղաքում կազմակերպել է «Քաղաքային բռնություններ» թեմայով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ոստիկանության ծառայողը:
 
ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Քարտուղարության համագործակցության շրջանակներում` նոյեմբերի  4-ից  6-ը Ծաղկաձորում  անց է կացվել «Ամբոխի ժողովրդավարական կառավարման լավագույն փորձը» թեմայով եռօրյա սեմինար-քննարկում:
Միջոցառմանը մասնակցում էին  ԵԽ մարդու իրավունքների և օրենքի կիրառման գլխավոր տնօրինության հանցագործությունների դեմ ուղղված գործողությունների վարչության համագործակցության բաժնի պետ, ոստիկանական ծրագրի ղեկավար  Լաուրեն Բրաուլիոն,  փորձագետներ՝ Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության ներկայացուցիչ Դոկտոր Մայքլ Բոուլին, Ֆրանսիական ազգային ոստիկանության ներկայացուցիչ Ժան-Կլոդ Վիյեղմը և ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 35 ծառայողներ: 
 
 
 
2014 թ. դեկտեմբերի 1-ից 4-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է ԵԽ քրեական խնդիրներով Եվրոպական կոմիտեի (CDPC) 67-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետը:
2014 թ. դեկտեմբերի 2-ից 3-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպվել է «Կիբերհանցագործությունների մասին» ԵԽ կոնվենցիայի կոմիտեի 12-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:
 
2014 թ. դեկտեմբերի 1-ից 3-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպվել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի կոմիտեին կից գործող «Կոնվենցիայի փոփոխությունների մշակման կոմիտեի» երրորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալը:
 
 
 
Հայաստան-ՆԱՏՕ
 
 
Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդ:
 
2014 թ. նոյեմբերի 13-ից 14-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ՆԱՏՕ-ի հովանավորությամբ տեղի է ունեցել երկկողմ հայ-վրացական սեմինար «Միջմշակութային բանակցություններ» (Cross Cultural Negotiations) թեմայով, որին  մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:
 
2014 թ. դեկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ՆԱՏՕ-ի հովանավորությամբ տեղի է ունեցել  երկկողմ հայ-վրացական սեմինար «Մարդկային ռեսուրսի կառավարում» (Human Resource Management) թեմայով: Սեմինարին մասնակցել են ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության, կադրերի վարչության եւ կրթահամալիրի 3 ծառայողներ:
 


Ինտերպոլ
 
   
 
 
2014 թ. հուլիսի 7-ից 10-ը ԱՄՆ–ում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է կարեւոր նշանակության օբյեկտների պաշտպանության վերաբերյալ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Սիմպոզիումի ընթացքում քննարկվել են հարցեր` ուղղված կարեւոր նշանակության օբյեկտների պաշտպանությանը` այդ թվում ֆիզիկական եւ վիրտուալ ակտիվների, համակարգչային եւ ցանցերի անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ կիբերհանցավորության դեմ պայքարի ամրապնդմանը: 
 
2014 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ են այցելել ՌԴ-ում Նիդերլանդների դեսպանության ոստիկանական կցորդ Վիլլեմ Հյորկինկը եւ նորանշանակ ոստիկանական կցորդ Թոմաս Կնաապը: Հանդիպման ընթացքում ՌԴ-ում Նիդերլանդների դեսպանության դեսպանության արդեն իսկ նախկին ոստիկանական կցորդ Վիլլեմ Հյորկինկը ներկայացրել է  նորանշանակ ոստիկանական կցորդ Թոմաս Կնաապին, ինչպես նաեւ քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
 
2014 թ. հոկտեմբերի 14-ից 15-ը Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունում՝ Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կայացել է Ինտերպոլի եվրոպական կապի սպաների 26-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը: Օրակարգի հարցերի շուրջ իրականացվել է փորձի փոխանակում, նոր գիտելիքների ձեռքբերում, նոր անմիջական կապերի հաստատում, փոխադարձ համագործակցության ամրապնդում:
 
2014 թ. նոյեմբերի 3-ից 7-ը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից Մոնակոյում կազմակերպվել է Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 83-րդ նստաշրջանը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը  եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Վեհաժողովի արդյունքում մասնակիցների կողմից ընդունվել է Հռչակագիր: Նախարարական վեհաժողովի աշխատանքներին հաջորդել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 83-րդ նստաշրջանը, որի եզրափակիչ օրը տեղի է ունեցել Ինտերպոլի նոր Գլխավոր քարտուղարի ընտրություն, և այդ պաշտոնում ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխոստիկանապետ Յուրգեն Շտոկը: 
 
 
 
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն սերտ համագործակցություն է իրականացնում հատկապես ԱՄՆ, ՌԴ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Իսպանիայի Թագավորության, Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրության և այլ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների հետ:
 
 
 
 Եվրոպական ոստիկանական քոլեջ (CEPOL)
 
 
 
2014 թ. մայիսին Ոստիկանության եվրոպական քոլեջի /CEPOL/ արտաքին կապերի զարգացման պատասխանատու Դիդիե Մարտինից ստացվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ Ոստիկանության եվրոպական քոլեջի /CEPOL/ միջեւ աշխատանքային համաձայնագրի նախագիծը, որում նշվել է համագործակցության ոլորտները` ուղղված կրթական համակարգի բարելավմանը եւ ոստիկանության ծառայողների վերապատրաստմանը: ՀՀ ոստիկանության կողմից քննարկվել եւ հավանության է արժանացել աշխատանքային համաձայնագրի կնքումը, որի մասին հայտնվել է Ոստիկանության եվրոպական քոլեջի /CEPOL/ արտաքին կապերի զարգացման պատասխանատուին: Արդյունքում, աշխատանքային համաձայնագրի կնքումը նախատեսվում է 2015 թ.-ին:
 
2014 թ. դեկտեմբերի 10-ից 11-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում՝  Ոստիկանության եվրոպական քոլեջի /CEPOL/ նստավայրում տեղի է ունեցել Ոստիկանական փոխանակման 2014 թ. եվրոպական ծրագրի գնահատմանը նվիրված հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի պետը:
 


ԵԱՀԿ

 
 
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ:
 
2014 թ. հուլիսի 14-ից 18-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում` ԵԱՀԿ ղեկավար անձնակազմի համար նախատեսված սահմանապահ քոլեջում կազմակերպվել է կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալը:
2014 թ. օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ֆիզիկական պատրաստականության կարողությունները գնահատելու նպատակով, ՀՀ ոստիկանության մի շարք ծառայություններում տեղի են ունեցել հանդիպումներ եւ քննարկումներ Շվեդիայի ոստիկանության ծառայության ավագ տեսուչ պարոն Ուլֆ Ջոնսոնի հետ: Այցի արդյունքներն ամփոփվեցին սեպտեմբերի 5-ին ոստիկանության կրթահամալիրում:
Կրթահամալիրի մարզադահլիճները կահավորվել են մարզագույքով՝  նվիրատվությունը եղել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից: Այցի արդյունքում Շվեդիայի ոստիկանության ծառայության ավագ տեսուչ պարոն Ուլֆ Ջոնսոնը ներկայացրել է եզրափակիչ զեկույց, որը պարունակում է համապատասխան վերլուծություն եւ առաջարկություններ ոստիկանության ֆիզիկական պատրաստականության դասավանդման բարելավման վերաբերյալ:
 
 
 
 
 
 
ԵԱՀԿ երւանյան գրասենյակի միջոցառումների շրջանակում՝ ուղղված ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի խթանմանը եւ ՀՀ ոստիկանության բարեփոխումների գործընթացին աջակցմանը,  2014 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը կազմակերպվել է ճանաչողական այց Միացյալ Թագավորություն՝ ծանոթանալու համար ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտի առավել առաջադեմ փորձերից մեկի հետ՝ մասնավորապես համայնքային ոստիկանության մոդելի շրջանակներում: Ճանաչողական այցին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը (ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում) ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ 2014 թ. սեպտեմբերի 13-ից 23-ը կազմակերպել է ուսումնական այց Շվեդիա եւ Լեհաստան, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալը: 
 
2014 թ. հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ-ի համայնքային ոստիկանության ծրագրի շրջանակում՝ Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կազմակերպվել է «Կանայք իրավապահ մարմիններում. անտեսանելի աշխատողներ» միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության Շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների եւ կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետը եւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի  համայնքային ոստիկանության ավագ տեսուչը: Միջոցառման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմիններում ծառայող կանանց գենդերային հավասարության խնդիրները: 
 
 
 
 
ՀՀ ոստիկանության և Զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի համագործակցության շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանության ծառայողների համար 2014 թ. նոյեմբերի 4-ից 5-ը կազմակերպվել է ճանաչողական այց Սլովենիայի Հանրապետության Լյուբլյանա քաղաք: Այցի ընթացքում ուսումնասիրվել են Սլովենիայի Հանրապետության ոստիկանության համակարգը, ոստիկանության ակադեմիայի գործունեությունը, կադրերի կառավարումը, ոստիկանության համակարգ ընդունելության կարգը, սկզբունքները, խրախուսումն ու առաջխաղացումը, ուսումնաիրվել են նաեւ օրենսդրական դաշտը, նորմատիվ ակտերը:

2014 թ. նոյեմբերի 7-ին Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության կողմից կազմակերպվել է «ԵԱՀԿ տեղեկատվական համակարգի վստահության եւ ամրապնդման միջոցառումների խթանում, բանակցություններին աջակցություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետը: Համաժողովի ընթացքում գնահատվել  է ԵԱՀԿ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմումը, ներկայացվել են ճգնաժամային ենթակառուցվածքների մատուցողների դերակատարությունը, տեխնիկական եւ կրթական հանրության հեռանկարները, տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակի փորձառությունը:
 
2014 թ. նոյեմբերի 17-ից 21-ը ԵԱՀԿ Տաջիկստանի բյուրոյի կողմից կազմակերպվել է «Սահմանների անվտանգություն. Գլոբալիզացիան եւ միգրացիայի ոլորտում մարտահրավերները»  թեմայով կոնֆերանս, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալը: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր: 
 
2014 թ. նոյեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով Երեւանում էր գտնվում ԵԱՀԿ քարտուղարության՝ Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության եւ Ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի ստորաբաժանման ոստիկանության գծով աշխատակից, հետազոտությունների եւ վերլուծությունների հարցերով խորհրդական պարոն Թորսթեն Ստոդյեկը: Այցի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 19-ին Թորսթեն Ստոդյեկը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ներկայացրել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ թարգմանված «Ոստիկանության բարեփոխումները քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում» ուղեցույցը:
 
2014 թ. նոյեմբերի 18-ից 21-ը տեղի է ունեցել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն պարոն Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորած պատվիրակության այցը Երեւան, որի ընթացքում Կենտրոնի եւ ՀՀ ոստիկանության միջեւ ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում եւ փորձաքրեագիտական վարչությունում միջազգային փորձագետների կողմից անց են կացվել դասընթացներ համապատասխանաբար՝ «Ընտանեկան բռնություն եւ անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելում» եւ  «Դեպքի վայրի զննություն» թեմաներով: Դասընթացներից յուրաքանչյուրին մասնակցել են ՀՀ ոստիկանության 20-ական ծառայողներ: 
 
2014 թ. նոյեմբերի 28-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» կազմակերպության փորձագետների հետ հանդիպում, որոնց կողմից ներկայացվել են ՀՀ Կոտայքի մարզային վարչության  Հրազդան, Չարենցավան եւ Եղվարդ քաղաքներում իրականացված բնակչության հետ համայնքային ոստիկանության աշխատակիցների հարաբերություններն ամրապնդելուն եւ քաղաքացիների խորհրդակցային խմբերի ձեւավորմանն ուղղված փորձարարական ծրագրի արդյունքները: ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ իրականացվող փոխհամագործակցության շրջանակներում 2014 թ. մայիս ամսից Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Նոր Նորք համայնքներում եւ Վանաձոր քաղաքում իրականացվում է ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության համագործակցային մեխանիզմի ստեղծման փորձնական ծրագիր, որի նպատակը, ոստիկանության եւ համայնքում գործող այլ շահագրգիռ եւ ոչ պետական կառույցների միջեւ համագործակցային աշխատանքի մոդել ձեւավորելն է՝ որպես ընտանեկան բռնության դեպքերին արձագանքման մեխանիզմ: Նշված մեխանիզմների եւ ծրագրի արդյունքները ամփոփվել են 2014 թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած միջոցառմանը:
 
2014 թ. դեկտեմբերի 11-ից 12-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում Աստանայում ԵԱՀԿ կենտրոնի կողմից կազմակերպվել է զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ապահովման վերաբերյալ կլոր սեղան եւ դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության արտաքին ծառայության բաժնի պետի տեղակալը: 
 
2014 թ. դեկտեմբերի 16-ին Երեւանում կայացել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-քննարկում: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ինտերնետ ծառայության ոլորտի հիմնական դերակատարները և ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի նպատակն էր` գտնել այնպիսի մեխանիզմներ և գործիքներ, որոնք թույլ կտան համագործակցությունն անձնական դաշտից տեղափոխել իրավական դաշտ:
 
 
 

Միևնույն ժամանակ շարունակվել են համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, սեպտեմբեր ամսին նյութատեխնիկական օժանդակության շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից համայնքային ոստիկանության հենակետերին հատկացվել են համակարգիչներ և տպիչներ:
Հաշվետու ժամանակաշրջանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ իրականացվել են այլ միջոցառումներ ևս:
 
 
 
Միավորված Ազգերի Կազմակերպություն
 
 
 
2014 թ.  հուլիսին և սեպտեմբերին Երևանում կայացել են «Հայաստան-ՄԱԿ 2016-2020 թթ. Գործընկերության շրջանակ» նախապատրաստական սեմինարներ և հանդիպում: Աշխատանքների արդյունքում ստեղծվել է նախնական պլատֆորմը, որի հիման վրա ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ը պետք է ձևավորեն 2016-2020 թթ.համագործակցության առաջնայնությունները: Մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալը: 
 
2014 թ. սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը ՀՀ ոստիկանության հետ համատեղ Երեւանում կազմակերպել է «Քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում եւ պաշտպանություն. ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերի ներկայացում» խորագրով կլոր սեղան, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 7 ծառայողներ: Կլոր սեղանին մասնակցել են նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի կառավարությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվել են ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերն ընդունելիս ի հայտ եկած մարտահրավերները, որոնք կօգնեն Հայաստանին՝ առաջիկա մարտահրավերները եւ հնարավոր լուծումները բացահայտելու եւ ապաքաղաքացիության վերաբերյալ օրենքի ընդունումից հետո հետագա քայլերը հստակեցնելու հարցում:
 
 
 
2014 թ. սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրի հովանու ներքո, Երեւանում կազմակերպել է «Ապաստանի տրամադրման ընթացակարգերում արժանահավատության գնահատում» թեմայով երկօրյա տարածաշրջանային դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողը:
 
2014 թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում  կազմակերպվել է ապաքաղաքացիության մասին միջազգային համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական հսկողական բաժնի ծառայողը:
 

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր (UNDP)

 
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին եւ դրանց կարողությունների զարգացում» (ԲՍՍՀԿ) ծրագրի շրջանակներում 2014 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազակերպվել են մի շարք աշխատաժողովներ, հանդիպումներ, այդ թվում նաև ուսուցողական այց Լատվիայի Հանրապետություն, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները: 
 
 
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
 
 
2014 թ. սեպտեմբերի 8-ից 12-ը ՄՄԿ կողմից «Աջակցություն Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում հետընդունման կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորմանը» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում կազմակերպվել է փորձի փոխանակման այց Դանիայի Թագավորության Կոպենհագեն քաղաք, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալը:
 
 
2014 թ. հոկտեմբերի 4-ից 10-ը Միգրացիայի Միջազգային կազմակերպությունը կազմակերպել է միգրացիայի, ռեադմիսիայի կառավարման փորձին եւ հատկապես միգրանտներին պահելու հատուկ կացարանների գորունեության կարգին ծանոթանալու նպատակով փորձի փոխանակման այց Մեծ Բրիտանիա, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետը:
 


ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՊԿ
  
 
2014 թ. հոկտեմբերի 1-ին Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը:
 
2014 թ. հոկտեմբերի 15-16-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՌԴ ՆԳՆ ոստիկանության Միջազգային ակադեմիայում կայանացել են ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության կազմավորումներում ներգրավված  ՆԳՆ/ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ղեկավար կազմի վարժանք  եւ «Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված ներքին գործերի մարմինների ստորաբաժանումների համատեղ գործնական գործողությունների պատրաստվածության ապահովմանն ուղղված նորմատիվ իրավական բազայի եւ կազմակերպչական միջոցառումների կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման մասին» թեմայով խորհրդատվություններ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետը:
 
2014 թ. հոկտեմբերի 8-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների Կոմիտեին կից ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով փորձագետների աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Գարրի Զախարովը: 
 
2014 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման իրավասու մարմինների համակարգող խորհրդի 15-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Ներկայացվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով Աֆղանստանից եկող սպառնալիքների ծավալը, ինչն էլ թելադրում է այն անելիքները, որոնք պետք է համատեղ ջանքերով իրականացնեն ՀԱՊԿ անդամ պետությունները` դիմակայելու համար այս մարտահրավերը: 
ՀՀ ոստիկանության ծառայողները նաև անմիջական մասնակցություն են ունեցել համագործակցության շրջանակներում կազմակերպված այլ աշխատանքային հանդիպումներին, խորհրդակցությունններին, քննարկումներին, ուսումնավարժություններին և մասնագիտացված սեմինարներին:
 
 
  
 
 
 

ԱՊՀ

 
  
 
Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են կազմակերպվել համաձայն 2014-2018 թթ. համար հանցավորության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների անօրինական շրջանառության, մարդկանց առեւտրի դեմ պայքարում համատեղ միջոցների միջպետական ծրագրի իրականացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի, 2014-2016 թթ. համար ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի և 2012-2014 թթ. համար անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի իրագործման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի պլանների:
 
2014 թ. հուլիսի 23-ից 26-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների կենտրոնական ինֆորմացիոն ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի տեղակալը:
 
2014 թ. հուլիսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների փորձաքրեագիտական ծառայությունների ղեկավարների աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը:
 
2014 թ. օգոստոսի 4-ին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների փորձագետների աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը: Խորհրդակցության ընթացքում համաձայնեցվել են 2014 թ.  սեպտեմբերի 4-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստի օրակարգը և ստորագրվելիք որոշումների նախագծերը:
 
2014 թ. օգոստոսի 12-ին կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների եւ Ռուսաստանի քրեական հետախուզության ծառայությունների վետերանական կազմակերպությունների նախագահների 3-րդ միջազգային սեմինարը, որին ՀՀ ոստիկանությունից մասնակցել է Երեւան քաղաքի վարչության պետի օգնական, Երեւան քաղաքի վարչության վետերանների խորհրդի նախագահը:
 
2014 թ. սեպտեմբերի 5-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: 
Նիստում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, անձանց միջպետական հետախուզմանը և անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ :
Ընդունվել են կազմակերպչական բնույթի որոշումներ:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել 2015 թվականին` Բելառուսի Հանրապետությունում:
 
 
 
2014 թ. սեպտեմբերի 18-ից 19-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետություների ՆԳՆ/Ոստիկանության կադրային ապարատների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետը:

2014 թ. սեպտեմբերի 25-ից 26-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կազմակերպվել է «Ճանապարհային անվտանգությունը հանուն կյանքի անվտանգության» խորագրով 5-րդ միջազգային համաժողովը,  որին մասնակցել են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետը եւ իրավաբանական բաժնի պետը: 
 


ՍԾՏՀ

  
 
2014 թ. նոյեմբերի 20-ից 21-ը Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ կազմակերպության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  հարցերով աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը: 
 
 
 
ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Համաշխարհային բանկ
  
 
2014 թ. նոյեմբերի 26-ին  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Վարդան Եղիազարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից առաջարկվող  ծրագրային այն միջոցառումները, որոնց իրականացումը համակարգի համար ավելի առաջնահերթ ու արդիական են, և դրանց կենսագործումն ու ֆինանսավորումը հնարավոր կլինի իրականացնել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Համաշխարհային բանկի  ներկայացուցիչները հավաստիացրել են, որ կուսումնասիրեն ներկայացված առաջարկները և կփորձեն միջոցներ ձեռնարկել դրանց համատեղ կենսագործման համար: 
 
 
 
 
 
 
 
«UMCOR» հասարակական կազմակերպություն

 
2013 թվականի մայիսից «UMCOR»/Հայաստան ՀԿ-ը իրականացնում է «Միասին արձագանքենք մարդկանց շահագործումից տուժածների կարիքներին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության  Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ բյուրոյի կողմից: Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 28.02.2013 թ. թիվ 186-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի համաձայն կազմակերպվել են դասընթացներ, մասնավորապես «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ը համագործակցելով «UMCOR» հասարակական կազմակերպության հետ ծրագրի շրջանակներում  հոկտեմբերի 10-12-ը Աղվերանում կազմակերպել է հերթական աշնանային դասընթացը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը:
 
2014 թ. օգոստոս, հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամսիներին «UMCOR» /Հայաստան ՀԿ-ը Երեւանում ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Թրաֆիքինգ հարկադիր աշխատանքի նպատակով» թեմայով մի շարք դասընթացներ, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը: Դասընթացների ընթացքում ներկայացվել է հարկադիր աշխատանքի նպատակով թրաֆիքինգի իրավիճակը եւ բացահայտման լավագույն փորձը:
 
 
 
«PH International» կազմակերպություն

 
ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ եւ «PH International» կազմակերպության աջակցությամբ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով դպրոցական տեսուչների համար անցկացվող վերապատրաստման դասընթացների շրջանակներում 2014 թ. դեկտեմբերի 3-ից 6-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է փորձի փոխանակման այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների  10 ծառայողներ: ՀՀ ոստիկանության ծառայողները ծանոթացել են Վրաստանում գործող Կրթության նախարարության ենթակայության տակ գտնվող «Մանդատային» ծառայության գործառույթներին ինչպես նաեւ Թբիլիսի քաղաքի ոստիկանության կողմից անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքներին:

ՀՀ ոստիկանությունը ակտիվ համագործակցություն է իրականացվել նաև այլ հասարակական կազմակերպությունների հետ:
 
 
 
«Համառուսաստանյան ֆիզկուլտուրա-սպորտային «Դինամո»
ընկերության հասարակական պետական միավորում»
  
 
 
2014 թ. մայիսի 22-ից 24-ը «Համառուսաստանյան ֆիզկուլտուրա-սպորտային «Դինամո» ընկերության հասարակական պետական միավորման» կողմից Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում կազմակերպվել է «Լեւսկի» սպորտային ակումբի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներ եւ դինամոյական կազմակերպությունների միջազգային կոորդինացիոն խորհրդի նիստ, որին մասնակցել է «Դինամո» ընկերության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետը: Քննարկվել են Հայաստանի «Դինամո» ընկերության կողմից 2014 թ. կատարված աշխատանքները, 2015 թ. Հայրենական Մեծ պատերազմին նվիրված 70-ամյակի կապակցությամբ մարզական միջոցառումների ծրագիրը, ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ սպորտային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հարցեր:
 
2014 թ. սեպտեմբերի 15-ից 20-ը Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում տեղի է ունեցել Բազկամարտի աշխարհի 36-րդ առաջնությունը, որին  Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հրավերով, մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչը: Առաջնությանը մասնակցել են 47 երկրների հավաքական թիմերը: 
 
 
 
«Ոսկե բանալի» մրցանակ՝ ՀՀ ոստիկանության կայքէջին
 
2014 թ. սեպտեմբերի 26-ին, տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրյակին, Երևանում արդեն 12-րդ անգամ տեղի է ունեցել Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության արդյունքներով՝ «Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ ոստիկանության www.police.am կայքը՝ արժանանալով բաց և հրապարակային աշխատանքը խորհրդանշող «Ոսկե բանալի» մրցանակի:
Ոստիկանության պարգևը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին է հանձնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը: 
 
 
 
 

*** 
2014 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության 98 (68-ը՝ մասնակցություն միջոցառումներին, 28-ը` հետախուզվողի էքստրադիցիա, 2-ը՝ անչափահասի տեղափոխում) պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ, որոնցում ընդգրկվել է 202 (122-ը՝ մասնակցություն միջոցառումներին, 78-ը` հետախուզվողի էստրադիցիա, 2-ը՝ անչափահասի տեղափոխում) ծառայող:
 
 
       ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ