Ոստիկանություն զանգած քաղաքացին Հրազդանի Միկրոշրջան թաղամասում զենք-զինամթերք էր թողել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատաքները շարունակում են դրական արդյունք գրանցել:
Հուլիսի 2-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և այնտեղից բերած զենք-զինամթերքը թողել է Հրազդանի Միկրոշրջան թաղամասի աղբանոցի մոտ։
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են երկփողանի ողորկափող հրացան, 9 մմ տրամաչափի ատրճանակ, նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 51 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ և փամփշտակալ:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: