Արմավիրի բաժնի ոստիկանները Նորապատ գյուղի գերեզմանատան ճանապարհին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նորապատ գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «K6-92» տիպի ինքնաձիգ, գազային ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակ, երկփողանի որսորդական 2 հրացան, մեկփողանի որսորդական հրացան, նռնակներ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի 345 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, զրահաբաճկոն։
Հիշեցում` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: