Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են
Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի և Կենտրոնական բաժինների ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը։ Նույն օրը՝ հաղորդումը ստանալուց ժամեր անց, Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է։
Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: