Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, իսկ խորդանոցում՝ 142 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: 35-ամյա տղամարդը ձերբակալվել էր:
Քրեական վարույթի շրջանակում հունիսի 30-ին կատարված խուզարկությամբ Խորոնք գյուղի բնակչի տան բակում գտնվող խորդանոցում հայտնաբերվել է նաև մոտ 300 գրամ կանեփանման զանգված, իսկ տնամերձ հողամասում գտնվող ջերմատանը՝ մոտ 700 գրամ նույն զանգվածից։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: