Հայտնաբերված հետախուզվողների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 1-ին Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 40-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով ավտոմեքենա փախցնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
***
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ ուղեկցող խումբը ապրիլի 2-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 47-ամյա մի տղմարդու, որը 2025 թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
***
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Ալավերդի-Վանաձոր ճանապարհի հարակից այգետնակում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
***
Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և ԱԱԾ Ագարակի վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Ագարակի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Մեղրիի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ, որը 2025 թ․նոյեմբերի 26-ից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմիների կողմից հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
