Շարունակվում են պարեկների մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները
Ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը մշտապես ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այդ համատեքստում պարբերաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սեմինար-քննարկումներ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ:
Նոյեմբերի 26-ին մի շարք պարեկային ծառայողներ հանդիպում են ունեցել Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի հետ։ Քննարկվել են ծառայության ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծումները, որոնք նպաստելու են ծառայողների մասնագիտական աճին և ծառայության որակի լավարկմանը։
Արման Չիլինգարյանի խոսքով՝ «Ոստիկանության բարեփոխումների շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում պարեկային ծառայողների վերապատրաստմանը, մասնավորապես՝ ուսումնասիրելով պարեկային ծառայողների կողմից իրականացվող վարչարարությունը և ծառայության հետ կապված առանձնահատկությունները՝ պարբերաբար իրականացվում է կարիքների գնահատում: Հերթական հանդիպման նպատակն էր վեր հանել այն հարցերը, որոնք առաջացել են վերջին 6 ամիսներին, տալ դրանց պատասխանները, ինչպես նաև կոնկրետ իրավիճակներում կոնկրետ գործողությունների հետ կապված ներկայացնել իրավական պարզաբանումներ»:
Պարեկներն առանձին դեպքերի օրինակներով ներկայացրել են զննություն իրականացնելու ընթացակարգերի, արձանագրությունների կազմման, վարչարարության առանձնահատկությունների, բանավոր դիտողություն կամ նախազգուշացում կիրառելու վերաբերյալ հարցեր։ Ներկայացվել են նաև խնդրահարույց մի շարք իրավիճակներ, որոնք պահանջում են միասնական մոտեցում և հստակ ուղղորդումներ՝ ապահովելու հասարակությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու օրենքի կիրառման միանշանակությունը։
Նմանօրինակ հանդիպումները նպաստում են ծառայողների մասնագիտական ինքնավստահության բարձրացմանն ու հասարակությանն առավել որակյալ ու թափանցիկ ծառայություն մատուցելու գործընթացի կատարելագործմանը։
