ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վեդիում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

26.05.2025 12:06 Սպանություն

Մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 25-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում` կայարանամերձ տարածքում, վիճաբանություն է տեղի ունեցել 15-17 տարեկան երեք պատանու և երեք այլ անձանց միջև, վեճին միջամտել են երեք հոգի, այդ թվում` պատանիներից մեկի 44-ամյա հայրը: Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը` Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը, մոտը եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համաքաղաքացուն՝ Ալիկ Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված, 18-ը դեռ չբոլորած պատանուն:

Ստացած վնասվածքների հետևանքով՝ 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։
Ժամը 2.30-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել Վեդիի քննչական բաժին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: