Ուժեղացված ծառայություն` հանուն անվտանգ երթևեկության և օրինակելի հասարակական կարգի
Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով ունեն կարևոր նշանակություն:
Այս նպատակին էր միտված նաև հունիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի ու մարզերի ստորաբաժանումների մայրաքաղաքում իրականացրած ուժեղացված ծառայությունը, որին մասնակցում էին նաև Քրեական ոստիկանության ու Համայնքային ոստիկանության ծառայողներ։
Պարեկներին ծառայությունից առաջ հրահանգավորել է ՆԳՆ ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն` ընդգծելով ուժեղացված ծառայության կարևորությունն ու նպատակը:
Արամ Ղազարյանը պարեկներին կարգադրել է ծառայությունն իրականացնել օրենքով սահմանված կարգով և լիազորությունների շրջանակում` նշելով, որ պարեկների նկատմամբ հանրության վստահության բարձրացումը կարևոր է:
Արդյունքում պարեկներն արձանագրել են 983 իրավախախտում, որոնցից` 11 տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու, 467-ը` չամրակապված վարելու դեպքեր են:
73 անձ ավտոմեքենան վարելիս օգտվել է հեռախոսից: Քիչ չեն դեպքերը, երբ վարորդը վարելիս ծխել է, կամ մեքենայում բացակայել է երեխայի համար նախատեսված նստատեղը. 41 վարորդ ծխելու, իսկ 13-ը`քարսիթ չունենալու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:
26 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքով պարեկները ձերբակալել և տարածքային բաժիններ են տեղափոխել 11 անձ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել հասարակական կարգը, ճանապարհային երթևեկության կանոնները և չկորցնել զգոնությունը, քանի որ ցանկացած իրավախախտում կարող է ողբերգության պատճառ դառնալ: