Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրողի. հայտնաբերվել է 51 փաթեթ մարիխուանա
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրանյութ:
Հոկտեմբերի 11-ի կեսօրին մոտ, Վարսեր գյուղից միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում, երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 43 փաթեթ` լցված ընդհանուր 82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, նաև` մոխրացած հետքերով երկու կաթուցիչ:
Ըստ երիտասարդի` մարիխուանայով փաթեթները նա վերցրել է Ծաղկունք գյուղի տարածքում` տեղադրելու միջոցով դրանք իրացնելու նպատակով:
Ոստիկանների տեղեկության համաձայն` 19-ամյա երիտասարդը մինչ ձերբակալվելը ձեռք բերած փաթեթների մի մասն արդեն տեղադրել էր:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին արդեն տեղադրված ութ փաթեթները` ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: