Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. երիտասարդը կալանավորվել է
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Չարենցավանի հուշահամալիրի մոտակայքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հերոին տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով 19 փաթեթ՝ ընդհանուր 29,09 գրամ քաշով: Պարզվել է, որ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր Չարենցավան քաղաքի տարբեր հատվածներում, իսկ մի քանի փաթեթ արդեն իսկ տեղադրել էր հուշահամալիրի մոտակայքում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հուշահամալիրի տարածքում հայտնաբերվել է արդեն իսկ տեղադրված թմրանյութի 23 փաթեթ՝ ընդհանուր 25,25 գրամ քաշով:
23-ամյա երիտասարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
