«Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ՝ այս անգամ Սյունիքի մարզի դպրոցներում

Սյունիքի մարզի համայնքային ոստիկաններն ու պարեկները ինտերակտիվ քննարկումների միջոցով դպրոցականներին ծանոթացնում են ճանապարհային երթևեկության կանոններին ու դրանց պահպանման կարևորությանը։
Դպրոցներում հանդիպում-զրույցների ժամանակ աշակերտների մոտ ձևավորվում է անվտանգային կանոնների պահպանման և ոստիկանության ծառայողին որպես ավագ ընկեր և օգնական ընկալելու մշակույթը։
Սյունիքի մարզի ոստիկանության ծառայողներն արդեն հանդիպում-զրույցներ են ունեցել Սիսիան, Մեղրի, Գորիս, Կապան քաղաքների դպրոցներում։
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մասին զրույցները կարևոր են հատկապես տարրական դասարանների աշակերտների համար, որոնք հաճախ ինքնուրույն են անցնում դպրոց տանող ճանապարհը։
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման թեմաներից բացի, ոստիկանության ծառայողները պատասխանում են աշակերտների տարաբնույթ հարցերին։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են նաև հակահասարակական տարբեր արարքների և դրանց հետևանքների մասին:
Նմանօրինակ միջոցառումները նպաստում են դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և նվազեցմանը։