Ամասիա գյուղի ցուցանակի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները: Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Ամասիա գյուղի ցուցանակի մոտ թողել է զենք-զինամթերք։ Ամասիայի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ՝ զենք-զինամթերքի նմանվող առարկաներով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ պարկում հայտնաբերվել են 2 ինքնաշեն ատրճանակ, որսորդական հրացան, 2 մարտական նռնակ՝ պայթուցիչներով, փամփշտատուփեր, 85 փամփուշտ և տրոտիլ։ Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: