Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով:
Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց:
48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա նաև ներկայացրել է հաշիվ-ապրանքագրեր: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված կողահատ տախտակները չեն համապատասխանում փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալներին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Ստեփանավանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: