Համայնքային ոստիկանները բացահայտեցին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքը

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակչուհին տանը ապօրինի ոգելից խմիչք է պատրաստում։
Իրացնելով տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները սեպտեմբերի 8-ին այցելել են նշված բնակարան, որտեղ այդ պահին 68-ամյա տանտիրուհին զբաղված էր ոգելից խմիչքների շշալցմամբ, իսկ սեղանին կային ոգելից խմիչքների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշեր, QR կոդեր, ինչպես նաև շշալցված և դատարկ օղու շշեր ու խցաններ:
68-ամյա կինը ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր պատրաստելու, պահելու, առաքելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: