Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողել

Հուլիսի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 146 փամփուշտ, 2 նռնակ՝ պայթուցիչով։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: