Մեթամֆետամին իրացնող երիտասարդներ են կալանավորվել․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնում «Տելեգրամ» սոցիալական հարթակի միջոցով։
Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 25-ին: Ժամը 16.50-ին Երևանի Արտաշատի խճուղում` բենզալցակայանի դիմաց, 23 և 29 տարեկան երիտասարդները ձերբակալվեցին և վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայանքային ոստիկանության Շենգավիթի բաժին:
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեց:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Դատարանի որոշմամբ` սեպտեմբերի 27-ին խուզարկություն կատարվեց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 150 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 127 փաթեթ, ևս մեկը` մոտ 7 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Շարուրի փողոցում գտնվող 29-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարա` 89 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով և նույն զանգվածով կպչուն ժապավենի մեկ փաթեթ։
Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: