Պարեկներն ու համայնքային ոստիկանները բացահայտել են Արաբկիրում մեքենաներից կատարված գողությունները
Հոկտեմբերի 29-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը գողացել են Վիկտոր Համբարձումյան փողոցի իրենց շենքի բակում կայանված իր «ԲՄՎ»-ի զույգ կողային հայելիների ապակիները՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս: Նա հավելեց նաև, որ ավտոմեքենայի դիմապակուն թողել են տելեգրամյան հասցեով թերթիկ։
Շուտով ստացվեց նմանատիպ ևս երեք ահազանգ: Գիշերը գողացել էին նաև նույն փողոցում կայանված «Սուբարու» և Ադոնցի փողոցում կայանված «Հյունդայի Էլանտրա» ու «Տոյոտա» մակնիշի մեքենաների հայելիների ապակիներ` կրկին թողնելով տելեգրամյան նույն հասցեն: Հաղորդումները փոխանցվեցին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, այս հանցագործությունները, սակայն, արդեն բացահայտված էին:
Մայրաքաղաքի պարեկներն, առավոտյան ժամը 5.50-ին, Թոթովենցի փողոցում կանգնեցրել էին «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: Ստուգման ընթացքում վարորդը ցանկացել էր ինչ-որ բան թաքցնել գրպանում: Արգելված իր պահելու կասկածանքով պարեկները ձերբակալել և իր վարած ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Բաղյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն: Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք ու կնիքվել:
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով երկու դանակ, բջջային չորս հեռախոս և այդ գիշեր Արաբկիրի վարչական շրջանում թալանված ավտոմեքենաներին փակցրած տելեգրամյան նույն հասցեով ինը թերթիկ:
Նոր Նորքի համայնքային ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ 43-ամյա տղամարդը շորթման նպատակով ավտոմեքենաներից գողություն է կատարել նաև իրենց սպասարկման տարածքում:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությունը շարունակվում է։

 
    					 
    					 
    					 
    					 
    					