Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ

Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։
ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։
Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: