Արմավիրի համայնքային ոստիկանների տեղեկությունը հաստատվեց. Ալաշկերտ գյուղի բնակչի տանը հայտնաբերվեց մարիխուանա
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ալաշկերտ գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը տանը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։
Նոյեմբերի 24-ին ոստիկաններն այցելել են Ալաշկերտ, ժամը 12.42-ին տղամարդուն ձերբակալել և տեղափոխել բաժին: Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն:
Խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է թղթի երեք փաթեթ և կաթուցիչ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է արկղ, որի մեջ կար մոտ 75 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված և 13 գրամ կշռող նույն զանգվածով ապակե տարա։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
