Արարատի համայնքային ոստիկանները տղամարդու մոտ հայտնաբերել են մարիխուանա, տան զննությամբ՝ կանեփ
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատ գյուղի մի բնակիչ աճեցնում է կանեփ և օգտագործում թմրամիջոցներ:
Նոյեմբերի 14-ին ոստիկանները ստուգեցին տեղեկությունը, և Արարատ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը հաստատեց, որ ճիշտ է:
Նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգված:
Վեդիի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 30-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց տարայի մեջ աճեցված կանեփի 14 բույս։
Ըստ տանտիրոջ` բույսերն ինքն էր մշակել անձնական օգտագործման համար։ Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
