Կամք, համառություն, ինքնակատարելագործման ձգտում և հետևողական աշխատանք. 2024 թվականի լավագույն քրեական ոստիկան Կարեն Մայիլյան
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ավագ քրեական ոստիկան, ոստիկանության մայոր Կարեն Մայիլյանը ճանաչվել է 2024 թվականի լավագույն քրեական ոստիկան: Մասնագիտական ուղին սկսել է 2007 թվականին՝ ընդունվելով Ոստիկանության ակադեմիա։ Պատասխանատվության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ ոստիկանության մայոր Կարեն Մայիլյանը ծառայության մեջ նշանակալի ձեռքբերումներ է գրանցել:
«Նախորդ տարվա ընթացքում իմ մասնակցությամբ բացահայտվել են հանցագործության մի շարք դեպքեր՝ ներառյալ հետախուզման մեջ գտնվող և թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերում, բնակարանային գողության, ավազակության դեպքերի բացահայտում և այլն»,-նշում է Կարեն Մայիլյանը։
Մասնագիտական ուղին, ինչպես ինքն է նշում, լի էր փորձություններով, վերելքներով և վայրէջքներով, սակայն այդ ամենը հաղթահարվել է ամենօրյա աշխատասիրությամբ և մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործմամբ։ Կարեն Մայիլյանը հավատում է, որ յուրաքանչյուր գործ պետք է կատարվի ոչ միայն պարտավորությամբ, այլև մեծ սիրով և պատասխանատվությամբ, քանի որ իսկական հաջողությունների հասնելու երաշխիքը դա է։
ՆԳՆ ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության ԹԱՇ և ԱԾՀԴՊ բաժնի պետ Հրաչ Միրոյանի խոսքով՝ Կարեն Մայիլյանը հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ մշտապես աչքի է ընկել մասնագիտական բարձր կարողություններով։ Նույնիսկ ամենաբարդ և վտանգավոր պահերին տիրապետում է իրավիճակին։
Այն որ գործընկերության և անձնական ընկերության սահմանը չափազանց նուրբ է, գաղտնիք չէ։ Վաչիկ Նիկողոսյանը, ով ոչ միայն գործընկեր է, այլ նաև մտերիմ ընկեր, նշում է, որ թե՛ ծառայության մեջ, թե՛ կյանքում ամեն ինչ ավելի ապահով ու հաղթահարելի է, երբ կողքիդ Կարեն Մայիլյանն է։ Սա վկայում է, որ ոստիկանի աշխատանքը ոչ միայն մասնագիտական հմտությունների, այլ նաև անձնական որակների ու մարդկային արժանապատվության հարց է:
Կարեն Մայիլյանն իր օրինակով ապացուցում է, որ լավագույնը դառնալու համար անհրաժեշտ է կամք, համառություն, ինքնակատարելագործման ձգտում և հետևողական աշխատանք։
