ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ընդլայնված կոլեգիայի նիստ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

26.01.2019 18:52 Պաշտոնական

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Կոլեգիայի նիստին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ընդլայնված կոլեգիայի նիստում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Անդրադառնալով նախորդ տարվա գործունեությանը՝ ոստիկանության պետը նշեց, որ ունենալով ներքաղաքական գործընթացներով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ՝ ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը: Տարին հագեցած էր մի շարք համապետական նշանակություն ունեցող միջոցառումներով, ինչպիսիք էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես և ՀՀ ԱԺ արտահերթ, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց պատշաճ կազմակերպումն ու անցկացումը պայմանավորված էր նաև ոստիկանության մեծաքանակ ծառայողների և միջոցների ներգրավվածությամբ:
Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ 2018 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 11, 2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված և առավել լատենտային համարվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճով, նաև այն հանգամանքով, որ բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն (մասնավորապես, եթե 2017թվականին ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 32.321 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2018թ. դրանց թիվն աճել է 28,3%-ով՝ կազմելով 41.466):
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել է մարդու, հասարակական կարգի ու անվտանգության, բնակչության առողջության, պետական իշխանության, ծառայության ու կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը: Աճել է սեփականության և որոշակիորեն նաև՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինը:
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 36,6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է լատենտային համարվող՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման և կաշառքի դեպքերի թվի աճով:
Ծանր հանցագործությունների թվի աճը առավելապես պայմանավորված է բնակարանային գողությունների թվի աճով:
Փոխարենը՝ նվազում է արձանագրվել հիմնական հանցատեսակների գծով. 28,6%-ով նվազել է սպանության, 8,1%-ով՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 17,6%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, 23,9%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակության դեպքերի թիվը:
Միևնույն ժամանակ, 10,4%-ով նվազել է խմբերի, ինչպես և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. 2018թ. հանցագործություն է կատարել 324 անչափահաս, 2017թ. 341-ի դիմաց:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, կապված հաշվման մեթոդաբանության փոփոխությունների հետ, 2018թ. բացահայտման ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարվա ցուցանիշների հետ, ուստի, հանցագործությունների բացահայտման ուղղու¬¬թ¬¬յամբ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները կներկայացվեն առանց համեմատականի՝ չարտացոլելով նախորդ տարվա համեմատական ցուցանիշների տոկոսային պատկերը:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 26.781 հանցագործության դեպքերից՝ 62,9%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ, ծանր՝ 4633 հանցագործություններով՝ 38,0%, առանձնապես ծանր՝ 313 հանցագործություններով՝ 59,7%:
Ըստ առանձին հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է. սպանություններով՝ 74,6%, ավազակություններով՝ 66,7%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 93,4%, սպանության փորձերով՝ 74,4%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 87,0%, այդ թվում՝ ծանր 71,2%, բռնաբարության ու բռնաբարության փորձի՝ 72,7%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 88,9%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 73,0%, խուլիգանության՝ 59,2%, կողոպուտներով՝ 57,1%, գողություններով՝ 39,6%, այդ թվում՝ բնակարանային՝ 20,6%, խարդախություններով՝ 66,0%, յուրացման կամ վատնման դեպքերով՝ 61,8% և այլն:
Ոստիկանության պետը կարևորեց այն հանգամանքը, որ հաշվետու ժամանակահատվածում, 499-ով աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը:
Առանձնահատուկ է իրավիճակը կոռուպցիայի դեմ մղվող պայքարում: Իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում, օրվա հրամայական դարձած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման աշխատանքներում աննախադեպ աճ է գրանցվել. եթե 2017թ. արձանագրվել էր կոռուպցիոն բնույթի 634 դեպք, ապա 2018թ. դրանց թիվն աճել է մոտ 2,5 անգամ կամ 719-ով, կազմելով՝ 1353: Հայտնաբերված դեպքերից 760-ը կամ 56,2%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն հանցագործություններից 461-ը կաշառակերության դեպքեր են, 263-ը ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 137-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 165-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 75-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:
Անդրադառնալով հասարակական կարգի ապահովման խնդրին՝ Վալերիյ Օսիպյանը ի թիվս մյուս ստորաբաժանումների կարևորեց Ոստիկանության զորքերի դերակատարությունը, որի ուժերով և միջոցներով 2018 թվականի օգոստոսից իրականացվում է նաև ՀՀ պետական սահմանի պահպանություն՝ մարտական հերթապահություն:
Խոսելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման և ոստիկանության հանդեպ քաղաքացու աննախադեպ վստահության մասին՝ ոստիկանության պետը նշեց, որ այդ առումով կառույցի ղեկավարությունը խիստ կարևորում է յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը, իսկ օրինախախտները պատժվում են: Մասնավորապես, 2018թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1712 ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 843 ծառայող:
Ամփոփելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ՀՀ ոստիկանության պետ վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ 2019 թվականին ոստիկանության ծառայություններն ու տարածքային մարմինները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ ոստիկանության առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման, հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:

Ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կոլեգիայի նիստում զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, ոլորտի խնդիրներին ու դրանց լուծման ուղղություններին:
Իրենց կողմից համակարգվող ոլորտների ու ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով, աշխատանքի արդյունքների վերլուծությամբ և առարկայական առաջարկներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության շտաբի պետը:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ հաշվետու զեկույցներում բարձրացված խնդիրներին և նշելով դրանց լուծման ուղիները՝ ընդհանուր առմամբ դրական գնահատեց ծառայության մեջ աչքի ընկած ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ:
Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված բաժինները:
Լավագույնի կոչման ու պարգևների արժանացան նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: