Կնոջ առողջության պահպանման նոր մշակույթի ձևավորում. հանդիպում Պարեկային ծառայությունում
Ժամանակակից աշխարհում կինը վարում է դինամիկ կյանք, համատեղում աշխատանքը, ընտանիքը՝ հաճախ ամենօրյա հոգսաշատ առօրյայում բախվելով այդ ամենը հավասարակշռելու և սեփական մարմնի ու առողջության մասին հոգ տանելու անհրաժեշտությանը։ Այս մարտահրավերներն առավել ընդգծված են, երբ կինը ծառայում է՝ իր վրա կրելով կրկնակի պատասխանատվություն։ Այդ համատեքստում ՆԳ նախարարությունը կարևորում է արտաքին ծառայություն իրականացնող կանանց ֆիզիկական և հոգեբանական առողջության պատշաճ պահպանումը։
Դեկտեմբերի 23-ին «Ուիգմորը կանանց համար» կրթական նախաձեռնության շրջանակում շուրջ 25 կին պարեկներ հանդիպել են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի» մասնագետների հետ՝ քննարկելու կանխարգելիչ բժշկական հետազոտությունների և տարեկան պարտադիր սքրինինգների կարևորությունը։
Հանդիպմանը մասնակցել և կին պարեկների հարցերին պատասխանել են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի» զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը և ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու Զարուհի Գրիգորյանը։
«Պարբերաբար կանանց համար կազմակերպում ենք կրթական տարբեր ծրագրեր, որպեսզի իրենց առողջության հարցում ավելի հետևողական լինեն։ Ինչո՞ւ են կարևոր պրոֆիլակտիկ հետազոտությունները, քանի որ կանայք տարին մեկ անգամ հետազոտվելով՝ կարող են կանխել մի շարք առողջական խնդիրներ։
Կրթական ծրագրերի նպատակն այն է, որպեսզի կինը հետևի իր առողջությանը և ժամանակին հետազոտվի»,- նշել է Զարուհի Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կանանց առողջությանը վերաբերող առանցքային թեմաների, շեշտադրվել առողջ ապրելակերպի կարևորությունը, ինչպես նաև բժշկական խորհրդատվությունների և անհրաժեշտ հետազոտությունների պարբերական անցկացումը։
Հանդիպումը ոչ միայն տեղեկատվական, այլև ինտերակտիվ հարթակ էր, որի միջոցով կին պարեկները հնարավորություն ունեցան ձևավորելու սեփական առողջության պահպանման նոր մշակույթ։
