Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ:
Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից ստացած թմրանյութը հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: