Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Այրք գյուղի նախկին քարի արտադրամասի տարածքում զենք-զինամթերք է թողել։
Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որում կար ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 60 փամփուշտ և այլ զինամթերք:
Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: