Վարդենիսի համայնքային ոստիկաններն ու Գեղարքունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ու բացատրական աշխատանքները շարունակվում են։ Հոկտեմբերի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարդենիս քաղաքի Մյասնիկյան փողոցի վերջնամասում գտնվող շինություններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։
Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի հրազեն, թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ և տարբեր տրամաչափի 119 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: