Ոստիկանություն զանգած քաղաքացին Դաշտադեմ գյուղի ձորակում զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության հորդորներին հետևող քաղաքացիները շարունակում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման մի դեպք արձանագրվել է հունիսի 7-ին՝ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնում:
Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերք է թողնում Դաշտադեմ գյուղի հարակից ձորակում:
Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները հայտնաբերել են որսորդական մեկփողանի հրացան, ինքնաձիգի դատարկ պահեստատուփեր, պայթուցիչով երկու նռնակ, և տարբեր տրամաչափի 196 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: