Վեդիի համայնքային ոստիկանները Նոր Կյանք գյուղի կանգառում «Կալաշնիկովի» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Բացատրական աշխատանքի շնորհիվ հերթական դեպքն արձանագրվեց Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում:
Հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Նոր Կյանք գյուղի վերջնամասում գտնվող կանգառի հետնամասում զենք-զինամթերք է թողել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: