Միջազգային և միջգերատեսչական համագործակցությունը հանցավորության դեմ պայքարի անկյունաքար. տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Քարտերի և շրջաբերականների համակարգի հարցերով դասընթաց
Նոյեմբերի 10-ին Երևանում տեղի է ունեցել Ինտերպոլի քարտերի և շրջաբերականների համակարգի հարցերով աշխատանքային խմբի կազմակերպած դասընթացը: Մասնակցում էին ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի, ՔՈԳՎ այլ իրավասու վարչությունների, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ։
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանն իր խոսքում կարևորել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների և Ինտերպոլի արդյունավետ ու ակտիվ համագործակցությունը։ Անդրադառնալով Ինտերպոլի առաքելության մի շարք առանցքային ուղղություններին՝ Նարինե Հակոբյանը նշել է, որ իրավապահ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևոր նշանակություն ունի քարտերի և շրջաբերականների համակարգի լիարժեք կիրառումը:
Ինտերպոլի Քարտերի և շրջաբերականների հարցերով աշխատանքային խմբի ներկայացուցիչներ Ալլա Բաչինսկան, Էվա Լատտին և Մարտին Լունան ներկայացրել են Կազմակերպության գործունեության շրջանակը, գործառույթներն ու հիմնական ուղղությունները՝ հանցավորության կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև հետաքննության արդյունավետ ընթացք ապահովելու համատեքստում` կարևորելով բոլոր տվյալների պահոցների օգտագործումը։
Ներկայացվել են նաև Ինտերպոլի կառուցվածքային միավորների գործունեության տարբերություններն ու առանձնահատկությունները, դրանց փոխգործակցության ձևաչափերն ու գործառնական համակարգերը, որոնք ապահովում են անդամ պետությունների իրավապահ կառույցների միջև արագ, նպատակային և համակարգված համագործակցություն։
Աշխատանքային խմբի ներկայացուցիչը, անդրադառնալով Ինտերպոլի կողմից շրջանառվող քարտերի և շրջաբերականների տեսակներին, ընդգծել է միջազգային մակարդակով իրականացվող հետախուզումների, հանցագործությունների բացահայտման և տեղեկատվության փոխանակման գործընթացում դրանց իրավական շրջանակի ու կիրառման առանձնահատկությունների կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ուղղություններին՝ առանձնացնելով ազգային մակարդակում իրականացվող գործողությունների առանձնահատկությունները և համակարգային փոխգործակցության նշանակությունը։ Վիզուալ գրաֆիկների միջոցով մասնակիցներին ծանոթացվել է Հայաստանից ստացվող ծանուցումների համապարփակ վերլուծությունը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել տվյալների շրջանառության դինամիկան, համագործակցության արդյունավետությունը և իրականացվող միջոցառումների արդյունքները: Աշխատանքային խումբը բարձր է գնահատել Ինտերպոլի քարտերի և շրջաբարերականների շրջանակներում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և այլ իրավապահ մարմինների համատեղ աշխատանքը։
Դասընթացի երկրորդ օրը Ինտերպոլի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո, որտեղ նրանց ներկայացվել են առանձին դեպքերի վերլուծությամբ խնդրահարույց իրավիճակները: Քննարկվել են գործնական լուծումներ և արդյունավետ համագործակցության նոր ձևաչափեր:
Դասընթացն անցել է ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Ինտերպոլի ներկայացուցիչներին՝ ամենօրյա համատեղ աշխատանքում մասնագիտական աջակցության համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:
