Իրավագիտակից սերունդը՝ անվտանգ պետության երաշխիք․ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանդիպել են Արարատի մարզի երիտասարդներին
Անվտանգ պետություն կերտելու ճանապարհին արժեքավոր ու երկարաժամկետ ներդրումը սերունդների կրթության ապահովումն է։ Իրավագիտակից սերունդ, իրազեկ քաղաքացի, կայացած պետություն. սա այն առանցքային բանաձևն է, որով առաջնորդվում է Ներքին գործերի նախարարությունը՝ հանրային անվտանգության ապահովման, օրինահարգ վարքագծի արմատավորման և իրավական պաշտպանվածության որակապես նոր մակարդակ ձևավորելու գործում։
Այս տեսլականի իրագործման նպատակով Նախարարությունը պարբերաբար իրականացնում է իրազեկման արշավներ՝ միտված հասարակության տարբեր շերտերի հետ կառուցողական երկխոսության ապահովմանն ու քաղաքացի-իրավապահ կառույց փոխվստահության ամրապնդմանը։
Արարատի մարզի ավագ դպրոցների աշակերտներին և քոլեջների ուսանողներին փետրվարի 11-ին մեկտեղել էր անվտանգային մշակույթի ձևավորման գաղափարը։ Պարեկային ծառայության և համայնքային ու քրեական ոստիկանությունների ծառայողները Արտաշատ քաղաքի մշակույթի տանը մարզի երիտասարդների հետ քննարկել են արդի անվտանգային մարտահրավերներն ու դրանց դիմակայելու մեխանիզմները։
ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ «Նման հանդիպումները կարևոր են հատկապես անչափահասների կողմից իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման, վնասակար երևույթներից նրանց զերծ պահելու գործընթացում: Մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ անչափահասների հետ պարբերաբար անցկացնելով հանդիպումներ, քննարկումներ հատկապես այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են բուլինգը, առցանց միջավայրում նրանց անվտանգությունը, ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ընտանեկան բռնությունը և նմանատիպ այլ զգայուն թեմաներ»։
Հանդիպման առանցքում կրթական միջավայրում հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների՝ բուլինգի դրսևորման բացառումն ու հասակակիցների միջև առողջ փոխհարաբերությունների հաստատումն էր: Քննարկվել են նաև թվային տիրույթում հնարավոր հանցագործություններից խուսափելու, անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմների ու ճանապարհային երթևեկության իրավական կարգավորումների վերաբերյալ հարցեր:
Ծավալվել է ակտիվ երկխոսություն. երիտասարդներն ու իրավապահները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդրահարույց իրավիճակների լուծման տարբերակները՝ փաստելով, որ անվտանգ միջավայրի ձևավորումը սկսվում է փոխադարձ վստահությունից:
«Նման միջոցառումները քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ դրական նշանակություն ունեն։ Դպրոցն այսօր առնչվոմ է նմանատիպ խնդիրների, բայց միևնույն ժամանակ ի դեմս ՆԳ նախարարության՝ նաև ձեռք է բերել մեծ աջակից, և մենք ամենօրյա աշխատանքում զգում ենք այդ աջակցությունը»,-ասում է Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարիամ Բաբայանը:
Մասնակիցները վստահեցնում են, որ հանդիպումը նպաստել է իրենց իրավական գիտելիքների զարգացմանը՝ հստակեցնելով այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է հնարավոր ռիսկերը ճանաչելու և դրանց դիմակայելու համար։
Իրավագիտակից ու մեդիագրագետ սերունդ ձևավորելուն միտված ՆԳ նախարարության նախաձեռնությունները շարունակական են։
