Համայնքային ոստիկանության ծառայողներն այցելել են մանկական խնամքով զբաղվող հաստատություններ
Ամանորի տոների ընթացքում համայնքային ոստիկանության ծառայողները շարունակել են այցերը տարբեր հասարակական կազմակերպություններ և կենտրոններ՝ բարձրացնելու շահառու երեխաների տոնական տրամադրությունը։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի, ՆԳՆ տնտեսական վարչության մշակույթի կենտրոնի աշխատակիցները, նաև համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Արմավիրի, Մասիսի բաժինների ծառայողները տոնական օրերին այցելել են մի շարք հաստատություններ՝ երեխաների օրը դարձնելով ավելի ջերմ ու հետաքրքիր։
Երեխաները հանդես են եկել թատերական ներկայացումներով, երգ ու պարով։ Տոնական տրամադրություն է ստեղծել նաև Ձմեռ պապը՝ երեխաներին նվերներ հանձնելով։
Միայն տոնական օրերին չէ, որ Ոստիկանության ծառայողներն այցելում են նման հաստատություններ։ Նպատակը միշտ նույնն է՝ բարձրացնել երեխաների տրամադրությունը և խնամքի հաստատությունների հետ համագործակցության մակարդակը։
Այցելություններ են կատարվել Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամ», «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Հրազդանի ցերեկային կենտրոն, Կոտայքի «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, Արմավիրի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպություն և «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»։
