Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 26-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի իր տնից կատարվել է գողություն։
Մեկնել են Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններ, պարեկներ, նաև` փորձաքրեագետ:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Պարզվել է, որ տանտիրուհու բացակայության ընթացքում տուն են մտել խոհանոցի բաց պատուհանով: Ըստ տանտիրուհու՝ սեղանին դրված դրամապանակից գողացել էին փող:
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին համատեղ: Պարզվեց, որ պատուհանը բաց լինելու հանգամանքից օգտվել է տանտիրուհու 29-ամյա ազգականուհին:
Ահազանգից մոտ երկու ժամ անց նա տեղափոխվեց վարչություն, որտեղ խոստովանեց արարքն ու ներկայացրեց հափշտակած գումարը` 153 հազար դրամ և 100 դոլար:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: