Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Ջրօգտագործման ընկերությունից գողության առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր մարտի 28-ին: 2024 թվականի նոյեմբերից 2025 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի, Բաղրամյան և Ոստան բնակավայրերի ջրի պոմպերի էլեկտրական ենթակայաններից գողացել էին այլումինե և պղնձե մալուխներ ու հոսանքի անջատիչներ: Նույն ընկերությունից գողության հաջորդ ահազանգը մայիսի 6-ին էր. Շահումյան գյուղի վարչական տարածքից գողացել էին մոտ 80 մետր մալուխ:
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունները կատարել է Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը: Նա հունիսի 2-ին ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին ու խոստովանել, որ պոմպերի հոսանքի մալուխները կտրելու միջոցով գողացել և վաճառել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: