Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են Հովտաշատ գյուղում գողություններ կատարած 28-ամյա երիտասարդին
Դեկտեմբերի 25-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում գործող ավտոլվացման կետից գողության վերաբերյալ հաղորդում էր տվել:
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Պարզվել է, որ 28-ամյա երևանցին ավտոլվացման նույն կետ գողության նպատակով գնացել է մի քանի անգամ:
Դեկտեմբերի 21-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացելով ավտոլվացման կետի մետաղադրամների պահոցը՝ գողացել է 300 000 դրամ։ Նույն վայրից փորձել է գողություն անել նաև դեկտեմբերի 23-ին, սակայն նկատվել է հարևանությամբ բնակվող քաղաքացու կողմից և գցելով գողոնը՝ մեքենայով դիմել է փախուստի:
Գողության նպատակով ավտոլվացման կետ է գնացել նաև դեկտեմբերի 25-ի լուսադեմին: Այս անգամ մետաղադրամների պահոցներից գողացել է 20 000 դրամ:
Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը կազմված փաաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
