Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ
Դեկտեմբերի 4-ին Տավուշի մարզի պարեկները Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում հայտնաբերել են «ՎԱԶ 2104» մեքենա՝ սիգ ձկնատեսակով բեռնված։ Լոռու մարզի Սպիտակ համայնքի բնակիչ 58-ամյա վարորդը մեքենայով հանդերձ տեղափոխել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:
Պարզվել է, որ 58-ամյա տղամարդու մեքենայում 210 հատ սիգ տեսակի ձուկ կա. բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը՝ 470 500 դրամ։ Տղամարդը հայտնել է, թե հայտնաբերվածը ձեռք է բերել անծանոթ անձից:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։
Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
