ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։

Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկաններն, օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս, համագործակցեցին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։

Արդյունքում՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։

Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: