Կումայրիի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը մասամբ հայտնաբերվել է

Գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում գրանցվել է մայիսի 23-ին: Ոստիկանություն զանգահարած կինը հայտնել է, որ իր աշխատասենյակի գրասեղանի վրայից գողացել են դրամապանակը, որում կային բանկային և այլ քարտեր ու փախստականի կարգավիճակը հաստատող վկայական:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կումայրիի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը:
Նա բաժնում հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: 41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: