Արմավիրի մարզի քրեական ոստիկանները կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեվան գյուղի 33-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և պահում թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեվանցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում գտնվող պահարանում՝ չորացված-մանրացված կանեփանման զանգված:
Նույնաբովանդակ տեղեկություն քրեական ոստիկանները ստացել էին նաև հուլիսի 11-ին. ապարանցի 41-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի բնակիչներից մեկի հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հողատարածքում հայտնաբերվել են կանեփի բույսեր:
Նույն օրը ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկության համաձայն՝ Մայիսյան գյուղի 55-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պատրաստում թմրանյութ: Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այս հողատարածքում ևս հայտնաբերվել են կանեփի բույսեր:
Կանեփ աճեցնելու և դրանից թմրանյութ պատրաստելու վերաբերյալ հաջորդ տեղեկությունը Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ստացել էին հուլիսի 16-ին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշապատ քաղաքի 65-ամյա բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 81 բույս:
Չորս դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: