Կենտրոնականի համայնքային ոստիկանները բացահայտեցին «Շևրոլեից» կատարված գողությունը
Մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում կայանված ավտոմեքենայից գողությունը կատարվել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան։ Հանել-տարել էին «Շևրոլեի» թափարգելի նիկելապատ դետալը, սակայն այս մասին մեքենայատերը չէր հայտնել իրավապահներին։ Գողության վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացան օպերատիվ միջոցներով, և Համայնային ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ անցան գործի։
Հանցագործության բացահայտմանը նպաստեց նաև համացանցում տարածված տեսանյութը, որի ուսումնասիրությամբ էլ ոստիկանները պարզեցին, որ հիշյալ գողությունը կատարել է մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը։
Հունվարի 12-ին նա հայտնաբերվեց իր բնակության վայրում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
