ՆԳՆ ոստիկանության բուժվարչությունը զարգացնում է միջազգային համագործակցությունը
ՆԳՆ ոստիկանության բուժվարչության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Գեռմեդ» ընկերության նախաձեռնությամբ այս օրերին բարեգործական և ուսուցողական նպատակներով Հայաստանում են Ֆրայբուրգի համալսարանի դոկտոր-պրոֆեսորներ Ռոբերտ Թիմեն, Լոռենց Եգերը և «Գեռմեդ» ընկերության տնօրեն Արմեն Կիրակոսյանը:
Ռոբերտ Թիմեն և Լոռենց Եգերը կհետազոտեն բուժվարչության մի խումբ բուժառուների, ինչպես նաև կներկայացնեն ժամանակակից բժշկության Գերմանիայի փորձը:
Գերմանիայից ժամանած մասնագետները հունիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության բուժվարչությունում ներկա էին բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:
Բուժվարչության պետ Սուսաննա Մուրադյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով բուժաշխատողներին՝ նշեց, որ նման հանդիպումները կարևոր են մասնագիտական կարողությունների զարգացման և միջազգային փորձի փոխանակման համատեքստում:
Ռոբերտ Թիմեն և Լոռենց Եգերը ներկայացրեցին հիվանդությունների հայտնաբերման, կանխարգելման և բուժօգնություն ցուցաբերելու գերմանական փորձը, նաև պատասխանեցին բուժվարչության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին:
Սուսաննա Մուրադյանը բարեգործական առաքելության համար պատվոգրեր հանձնեց Գերմանիայից ժամանած հյուրերին: Բուժաշխատողի օրվա կապակցությամբ պարգևատրվեցին նաև ՆԳՆ ոստիկանության բուժվարչության մի շարք աշխատակիցներ: