Արմավիրի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր մայիսի 19-ին: Առատաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Մարզի քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 56-ամյա բնակչուհին: Նա հունիսի 6-ին Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն:
56-ամյա կինը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: