Առևանգում, ավազակություն և շորթում, ձերբակալվել է երեք օտարերկրացի. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 27-ին` ժամը 21.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի օտարերկրացի և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայի մոտակայքում քաղաքացի է կորել, և մեկ միլիոն դոլար են պահանջում` նրան վերադարձնելու համար։ Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և արդեն առավոտյան ժամը 6-ին մոտ առևանգված օտարերկրացին վարչությունում էր:
25-ամյա երիտասարդը տվել է հաղորդում, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 16.30-ի սահմաններում, իրեն են մոտեցել ազգակից անձինք, սավանով իր դեմքը փակել, ծեծել և իր գրպանից հափշտակել 60 հազար դրամ: Այնուհետև իրեն նստեցրել են ավտոմեքենա, տարել անհայտ վայր, որտեղ զանգահարել են իր ծանոթներին ու պահանջել խոշոր գումար, ինչը չստանալուց հետո՝ իրեն բերել են Ռոմանոս Մելիքյան փողոց և ազատ արձակել։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Մարդուն առևանգելու, ավազակության և շորթման հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են տուժածի համերկրացի երեք տղամարդիկ` 27, 23 և 22 տարեկան:
Սեպտեմբերի 28-ին` ժամը 19.26-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում երեքն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են վարչություն, ապա` ներկայացվել նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: