1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հավերժ ներկաներ. 20-21 տարեկան այս տղաներն ընկան Հայրենիքի սահմանները պաշտպանելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հավերժ ներկաներ. 20-21 տարեկան այս տղաներն ընկան Հայրենիքի սահմանները պաշտպանելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

 

Երբ Հայրենիքը հայտնվում է փորձության մեջ, ոտքի են կանգնում ազգի քաջորդիները:
Այսպես է եղել միշտ, այդպես էր նաեւ Արցախյան պատերազմի տարիներին: Հայրենիքը ծանր փորձության մեջ էր, եւ սահմանամերձ տարածքները պաշտպանող կամավորական ջոկատների հետ ներքին գործերի համակարգի աշխատակիցներից շատերը դարձան զինվոր:
1994 թվական, ապրիլ: Ոգու փորձության ժամանակներ էին: Հաղթանակը մոտ էր, ու եղավ Հայրենիքի նվիրյալների վճռական ոգու, անկոտրում կամքի, խիզախության շնորհիվ: Նաեւ՝ շատերի կյանքի գնով: Նրանք՝ մեր մեծ հաղթական երթի մասնակիցները, հավերժություն դարձան ու պատգամում են՝ «Մեզ բացակա չդնեք»: Ոչ մի սերունդ չի դնելու: Նրանք միշտ ներկա են...
Վաղինակ Ազատյան, Հարություն Աբազյան, Ավետիք Հովհաննիսյան: Հաղթանակը նաեւ այս երիտասարդների կյանքի գնով եղավ: Երեք հայորդիներ, որոնց կարճ, բայց բովանդակալից կենսագրությունը խտացավ հերոսական ժամանակների մեջ, հարստացրեց ներքին գործերի նախարարության պատմության էջերը՝ դառնալով այդ պատմության մասնիկը...
Վաղինակ Ազատյանը ծնվել է Երեւանում, 1973 թվականի հուլիսի 12-ին: Ծնողները Էջմիածնի շրջանի Գայ գյուղից էին, եւ Վաղինակը գյուղ է մեկնում: Սիրում էր բնության հետ առնչվել, օգնել գյուղատնտեսական աշխատանքներում:
Աշխատասեր, պատրաստակամ պատանին նաեւ բազում երազանքներ ուներ, հավանած աղջիկ, ում խոստացել էր՝ բանակից կվերադառնա՝ կգնա հարսնախոսության:
Ժամանակները պատերազմական էին. ներքին զորքերի 1031 զորամաս զորակոչված Վաղինակը գիտեր, որ հարկ եղած դեպքում նաեւ մարտական գործողությունների է մասնակցելու: Վարժանքներ, զենքի հետ վարվելու կանոններ, մարտավարություն. մինչ մարտադաշտ մեկնելն անցավ այս փուլը, իսկ գարնանը նրանց ջոկատը մեկնեց Ֆիզուլի...
Ծանր մարտեր էին, իսկ ապրիլի 25-ին Վաղինակը վերջին կռիվը տվեց...
...Հարություն Աբազյանը ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 15-ին, Նոյեմբերյանում: Պատերազմի արհավիրքն զգաց մինչեւ զորակոչվելը: 1991-ի մայիսի 6-ին ողջ Նոյեմբերյանն էր սգում Ոսկեպարում զոհված համաքաղաքացի ոստիկանների համար, ողջ Նոյեմբերյանն էր տագնապում գերեվարված ոստիկանների համար, որոնց մեծ մասը համաքաղաքացիներ էին, ծանոթ¬բարեկամներ: Սահմանամերձ Նոյեմբերյանի շրջանը թշնամու գնդակոծությունների թիրախ էր: Հարությունն այդ ամենի մեջ էր դեռեւս դպրոցական տարիներից:
Ներքին զորքերի 1032 զորամաս զորակոչվեց 93-ի դեկտեմբերի սկզբին, իսկ 94-ի գարնանը նրանց ջոկատը մեկնեց Ֆիզուլի:
Ապրիլի 15-ն էր: Մարտը ծանր էր, զոհերը՝ շատ: Ու Հարությունն անմահացավ նրանց հետ...
...Ավետիք Հովհաննիսյանը ծնվել է 1974 թ. հոկտեմբերի 25-ին, Գուգարքի շրջանի Ձորագյուղ գյուղում:
Բնության մեջ մեծացած, բնությունից ուժ առած երիտասարդի համար իրենց գյուղից գեղեցիկ վայր չկար: Երազանքներն էլ գեղեցիկ էին, իսկ մասնագիտության ընտրության հարցում տատանվում էր՝ բժի՞շկ, զինվորակա՞ն: Բայց ժամանակներն այլ հրամայական ունեին, եւ Ավետիքը զորակոչվեց ներքին զորքերի 1034 զորամաս:
Վարժանքների ժամանակ մտովի իրեն պատկերացնում էր մարտադաշտում, մտովի ոչնչացնում հակառակորդի տանկերը...
Մարտադաշտ մեկնեց 94-ի գարնանը:
Ջոկատը մարտական գործողությունների էր մասնակցում Հորադիզի մատույցներում: Հակառակորդին հաջողվել էր ներխուժել մի շարք բնակավայրեր, գրավել Հորադիզ ավանը: Պետք էր կասեցնել նրա ժամանակավոր հաջողությունները, ազատագրել տարածքները:
Մարտերում թրծված զինակիցների կողքին մարտնչում էր նաեւ Ավետիք Հովհաննիսյանը:
Ապրիլի 26-ին վերջին մարտը տվեց: Ընկավ քաջի մահով:
... Ներքին զորքերի այն զորամասերում, որտեղ ծառայում էին Ավետիք Հովհաննիսյանը, Վաղինակ Ազատյանն ու Հարություն Աբազյանը, երեկոյան անվանականչին առաջինը նրանց անունն էր կարդացվում:
Նրանք շարքում են...

Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ