Արթիկի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքն արդյունք տվեց մայիսի 26-ին: Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք է թողնում Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին` «Աղբ թափելն արգելված է» ցուցանակի մոտ:
Մեկնած ոստիկանները ցուցանակի մոտ հայտնաբերել են երկփողանի որսորդական հրացան, մեկական գործարանային և ինքնաշեն ատրճանակ, առանց պայթուցիչի մեկ նռնակ, տարբեր տրամաչափերի 37 փամփուշտ և նռնակի չորս պայթուցիչ:
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: