Ոստիկանություն զանգած անձը Դալար գյուղի դաշտամիջյան հատվածում զենք-զինամթերք էր թողել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի դրական արդյունքը գրանցվեց նաև հուլիսի 9-ին: Ոստիկանություն զանգահարած անձը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Դալար գյուղի դաշտամիջյան հատվածում, զենք-զինամթերք է թողել։
Արտաշատի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար 12 մմ տրամաչափի երկփողանի հրացան, 16 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «Ֆ1» տեսակի 1 նռնակ, «ՌԳԴ» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 79 փամփուշտ և ինքնաձիգի փամփուշտի 1 գնդակ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: