Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերել

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է մշակել։
64-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: