Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը
Հուլիսի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Կարմիրգյուղում բնակվող 55-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է խոշոր չափի մարիխուանա, նաև հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը 55-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն:
Հողամասում հայտնաբերվեց կանեփի ընդհանուր 256 և կակաչի 39 բույս։
Բացի այս` տանտերն իրավապահներին ներկայացրեց 195 գրամ ընդհանուր քաշով կիսաչոր կանեփի զանգված, ավելի քան 58 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր և մոտ 9 գրամ ափիոնի նմանվող թմրամիջոց։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: